ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմության վրա ճնշումներ կան – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հոկտեմբերի 25-ին Արտաշատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդդիմության մասնակցությունն ուղեկցվում է ճնշումներով և վարչական ռեսուրսի կիրառմամբ, «Հրապարակ» օրաթերթին հայտնել է ՀՅԴ-ից Արտաշատի համայնքապետի թեկնածու առաջադրված Գերասիմ Վարդանյանը։

Արտաշատում առաջադրվել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ՀՅԴ-ն և «Նոր դարաշրջան» կուսակցությունը։

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև խորհրդարանական ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» ուժերը։ «Ուժեղ Հայաստանը» թեկնածուների ցուցակ է առաջադրել Ստեփանավանում։

Վարդանյանի խոսքով՝ նկատելի են վարչական լծակների կիրառման, մանիպուլյացիաների և վախի մթնոլորտ ձևավորելու փորձեր։ Նրա տեղեկություններով՝ ավագանու թեկնածուներին սպառնում են, թե ընդդիմադիր ցուցակում ընդգրկվելու դեպքում աշխատանքից կհեռացնեն նրանց հեռավոր ազգականներին, այդ թվում՝ դպրոցներում աշխատող հարազատներին։

Վարդանյանի պնդմամբ՝ սպառնալիքներից հետո որոշ մարդիկ հրաժարվել են ընդգրկվել ավագանու թեկնածուների ցանկում։ ՀՅԴ թեկնածուն հայտարարել է, որ բանտարկության սպառնալիքները չեն կարող կանգնեցնել իրենց պայքարը, իսկ իրենց գլխավոր նպատակն է ՏԻՄ-երում բացառել գործող իշխանության վերարտադրությունը և համախմբել իշխանության դեմ քվեները։

Հայաստանի 46 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Դրանց թվում կլինեն այնպիսի մարզկենտրոններ, ինչպիսիք են Աշտարակը, Արտաշատը, Արմավիրը, Գավառը, Վանաձորը, Հրազդանը, Կապանը, Եղեգնաձորը և Իջևանը։

Armenia Today

Leave a comment