Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդգար Բալոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Նոր Նորքի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում «Lexus» մակնիշի ավտոմեքենայով իր փեսային՝ Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին սպանելու նպատակով վրաերթի ենթարկելու մեջ։


Գ․ Սարգսյանը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն դատավոր Գարիկ Աբելյանը դռնփակ դատական նիստն անցկացրել է և այս պահին գնացել է խորհրդակցական սենյակ։ Թե երբ դատավորը կհայտարարի որոշումը, դեռևս հայտնի չէ։

Եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, ապա Հ․ Հովհաննիսյանը դատարանից կտեղափոխվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կամ «Նուբարաշեն», կամ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 24-ին վրաերթ կատարողը, ով Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանն էր, առավոտյան ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ Հ․ Հովհաննիսյանը ձերբակալվել էր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մինչ նրա կողմից ոստիկանություն ներկայանալը, նախորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, Մաշտոցի ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ճշտել էին՝ որտեղ է գտնվում «Lexus» մակնիշի ավտոմեքենան, ապա մեկնելով նշված վայր՝ այն հայտնաբերել և տեղափոխել էին ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն էր տեղի ունենում և կար տուժած, ում տեղափոխել էին հիվանդանոց։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ և տեղում պարզել էին, որ մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթ կատարողն իր զոհին հարվածել էր «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, ապա դիմել փախուստի։ Նրանք ազգականներ են։

Leave a comment