Կրեատիվիությունը, ստեղծարարությունն ուրախանալու այն կարողությունն է, որ մենք չգիտենք ամեն հարցի պատասխան, սակայն վստահ ենք, որ պատասխաններ կան

Հաջողակ բիզնեսմեն, ամերիկացի Խարվի Ֆայրսթոունն ասել է. «Բիզնեսում կապիտալ ունենալը կարևոր չէ։ Եվ կարևոր չէ նաև փորձը։ Դուք կարող եք ունենալ երկուսն էլ։ Ամենակարևորը գաղափար, իդեա ունենալն է։ Եթե ունեք գաղափար, ուրեմն ունեք ամենակարևոր ակտիվը, և չկա որևէ սահմանափակում։ Դուք կարող եք ձեր բիզնեսի և կյանքի հետ ամեն ինչ անել։ Յուրաքանչյուր մարդու ամենաարժեքավոր ակտիվը գաղափարներն են»։

Այսպիսով, եթե ուզում եք լինել ստեղծարար, ապա պետք է գնահատեք գաղափարներն ամեն ինչից վեր և սովորեք դրանք կյանքի կոչել։ Հավաքեք գաղափարներ, մանրակրկիտ ստուգեք, վերլուծեք դրանք։ Մեծ գաղափարները հաճախ առաջանում են ձախողված գաղափարների վերակառուցման արդյունքում։ Յուրաքանչյուր հաջող միտք հիմնված է այլ գաղափարների վրա, որոնք դրան նախորդել են։ Վերցրեք արդեն գոյություն ունեցող գաղափարները և բարձրացրեք դրանց արժեքը։ Հենց այսպես է մարդկային ցեղը հասնում առաջընթացի։

Ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր Ջեֆ Ֆիշերը մի առիթով ասել է. «Կարգապահությունը ստիպում է ձեզ անել այն, ինչը չեք ուզում անել, որպեսզի հասնեք նրան, ինչին ուզում եք հասնել»։

Կասկածի տակ դրեք բոլոր առաջարկությունները։ Որքան բաց լինեք մտքի գրոհների, գաղափարների համար, այնքան ավելի մեծ կլինի նոր և լավ գաղափարներ գտնելու հավանականությունը։

Ամերիկացի բեյսբոլիստ, բեյսբոլի գլխավոր լիգայի խաղացող Յոգի Բերան հետաքրքիր մի մեջբերում է արել. «Եթե չգիտես ուր ես գնում, զգույշ եղիր, որովհետև կարող ես չհասնել այնտեղ, որտեղ պետք է»։

Կրեատիվությունը, ստեղծարարությունը զարգանում է, երբ մի առարկային մոտենում եք տարբեր տեսանկյունից։

Նորման Վինսենտ Փիլ (Norman Vincent Peale)՝ ամերիկացի գրող, աստվածաբան, քահանա, «Դրական մտածողության տեսություններ» գրքի հեղինակ։ Նորման Փիլի ամենահայտնի ստեղծագործությունն է «Դրական մտածողության ուժը»։

Նորման Վինսենտ Փիլն ասել է. «Խնդրեք Աստծուն, ով ձեզ ստեղծել է, շարունակի ձեզ ձևափոխել»։ Բնական է, որ ամեն ինչ չեք կարող իմանալ, ուստի շատ կարևոր է շրջապատել ձեզ բանիմաց, ամենալավ և խելացի մարդկանցով՝ թիմում ընդգրկելով տարիքով և երիտասարդ մասնագետների, քանի որ յուրաքանչյուր ոք խմբի հետ միասին մեծ արդյունքի է հասնում։

Ռիսկի դիմեք։ Ամենուր, ամեն տեղ պատկերացրեք հնավորություն։ Մենք ստեղծում ենք այն, ինչ պատկերացնում ենք։ Դուք կարող եք հարցեր տալ։ Հարցասեր մարդիկ ունեն հարուստ երևակայություն, իսկ հարցերի միջոցով դռներ են բացվում դեպի նոր հնարավորություններ։ Հետաքրքրասիրությունը սպանում է մրցակցությունը, քանի որ բացահայտում է  հնարավորություններ։

Ստեղծել նեթվորքինգ, կապերի ցանց, որոնք կարող են փոխշահավետ լինել։ Մարդիկ կարող են ձեզ օգնել անել այն, ինչ դուք չեք կարողանում։

Գործել։ Գործողությունները ստեղծում են հնարավորություն։

Ջոնաս Սոլքը (Jonas Edward Salk), ամերիկացի վիրուսաբան, հայտնի է որպես պոլիոմիելիտի դեմ առաջին պատվաստանյութեր մշակողներից մեկը (աշխատել է ամերիկացի գիտնականներ Հիլարի Կոպրովսկու և Ալբերտ Սաբինի հետ, ինչպես նաև սերտ համագործակցել է խորհրդային գիտնականներ Մ. Պ. Չումակովի և Սմորոդինցևի հետ)։ Դոկտոր Ջոնաս Սոլքն ասել է. «Կատարած արարքի համար ամենամեծ մրցանակն ավելի շատ անելու հնարավորությունն է»։ Որքան լավ օգտագործեք առաջացած հնարավորությունները, այնքան նոր լավ հնարավորություններ ի հայտ կգան։

Պատրաստվեք հնարավորություններին։ ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի բասկետբոլային թիմի մարզիչ Ջոն Վուդենն ասել է. «Երբ հնարավորությունը գալիս է, արդեն ուշ է պատրաստվելու համար»։

Առաջացած հնարավորությանը պատրաստ լինելու համար պետք է նախապես պատրաստվել և զարգանալ, բարձրացնել արդյունավետությունը։ Մենք պետք է կենտրոնանաք ներկա պահի և ստեղծված հնարավորությունների վրա։

Մայր Թերեզան մի առիթով ասել է. «Երեկվա օրը անցավ, վաղը դեռ չի եկել, մենք ունենք միայն այսօր, ուրեմն եկեք սկսենք»։

«Ստեղծարարությունն ամենալավ, ամենաարդյունավետ արձագանքն է արագ փոփոխություններին», – ասել է Americans for the Arts կազմակերպության նախագահ Ռոբերտ Լինչը։ Ստեղծարարությունը միշտ ուղղված է արժեքի բարձրացմանը։ Եթե ձգտում եք հաջողության և ուզում եք դառնալ լավ առաջնորդ, ապա անհրաժեշտ է դուրս գալ հարմարավետության գոտուց։ Ձգտեք կատարելության, ցույց տվեք, թե ինչի եք ունակ։  Բացեք նոր դռներ և օգտագործեք հնարավորություններ։ Զարգացրեք կրեատիվությունը, ստեղծարարությունը։

Ամերիկացի ռազմական գործիչ, բանակի գեներալ Դուգլաս Մակարթուրն ասել է. «Ձեզ հիշում են այն պատճառով, որ խախտում եք նորմերը»։

Ամալյա Հարությունյան

«Առավոտ» օրաթերթ
25.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment