Զինված ուժերը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։ Այն զգայուն է բանակում կատարվող ցանկացած «բարեփոխման» նկատմամբ, բանակում կատարվող ցանկացած ողբերգություն ընկալում է որպես սեփականը։ Զինված ուժերի, Ադրբեջանի տարածքային նկրտումների և Հայաստանի ռազմական՝ այդպես էլ չկայացած դիվերսիֆիկացիայի մասին «Փաստը» զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ։
-Պարոն Խաչատրյան, վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից մեկը դարձավ ժամկետային ծառայություն անցնելու փոխարեն ոստիկան կամ փրկարար դառնալու նախագիծը։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այս նախագծին։
– Իմ գնահատմամբ, այս նախագիծն իր մեջ բազմաթիվ խնդրահարույց և բացասական տարրեր է պարունակում՝ սկսած գաղափարական մոտեցումից մինչև այն հանգամանքը, որ այն կարող է ստեղծել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նոր, այսպես ասած, օրինական ճանապարհներ։ Եթե հաշվի առնենք, որ այս նախագծի ընդունման դեպքում պարտադիր ժամկետային զինծառայողների թիվը, բնականաբար, նվազելու է, դա չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել։ Մենք արդեն ականատես ենք եղել պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը, որի արդյունքում բանակում ծառայողների թվաքանակի նվազման խնդիր առաջացավ։ Հիմա, եթե դրան ավելացնում ենք նաև նմանատիպ օրենսդրական մեխանիզմներ, որոնք երիտասարդին հնարավորություն են տալիս բանակային ծառայության փոխարեն ընտրել այլ պետական ծառայություն, ապա ակնհայտ է, որ երկարաժամկետ հեռանկարում սա կարող է ազդեցություն ունենալ Զինված ուժերի համալրման և, հետևաբար, երկրի պաշտպանունակության վրա։ Ես հասկանում եմ, որ գործող իշխանությունների քաղաքականության մեջ բանակն այն առաջնահերթությունը չի ունեցել, որը պետք է ունենար։ Եվ այս նախագիծը ես դիտարկում եմ այդ ընդհանուր քաղաքականության համատեքստում։ Ինձ համար սա հերթական քայլն է, որը կարող է թուլացնել բանակի համալրման համակարգը և հետագայում ստեղծել ավելի լուրջ անվտանգային խնդիրներ։
Մյուս կողմից՝ բանակային ծառայությունն իր բնույթով առաջին հերթին հայրենիքի պաշտպանության ծառայություն է և, բնականաբար, ունի իր առանձնահատկությունները։ Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն ունեն այլ գործառույթներ, այլ մասնագիտական պահանջներ, և այն այլ ծառայողական միջավայր է։ Հետևաբար, միայն այն փաստը, որ երեք համակարգերում էլ քաղաքացին ծառայում կամ աշխատում է պետությանը, դեռ չի նշանակում, որ դրանք լիարժեքորեն փոխարինելի են։ Ավելին, նախկինում պետական համակարգում կար մի տրամաբանություն, ըստ որի՝ բանակում ծառայությունն ընկալվում էր նաև որպես քաղաքացու և պետության միջև կարևոր կապ։ Զինծառայությունն ավարտած քաղաքացին ձեռք էր բերում ոչ միայն որոշակի կենսափորձ, կարգապահություն և պատասխանատվության զգացում, այլև այդ փորձը կարող էր հետագայում առավելություն լինել պետական համակարգում աշխատանքի անցնելու ժամանակ, այդ թվում՝ ոստիկանությունում, փրկարար ծառայությունում և պետական կառավարման այլ ոլորտներում։ Այսինքն՝ տրամաբանությունը հետևյալն էր. նախ՝ քաղաքացին կատարում է իր սահմանադրական պարտքը՝ ծառայելով բանակում, ստանում է անհրաժեշտ փորձ և պատրաստվածություն, այնուհետև, եթե ցանկություն և համապատասխան մասնագիտական կարողություններ ունի, կարող է շարունակել իր ծառայությունը պետական համակարգում։ Այսօր, սակայն, մենք հակառակ գործընթացն ենք տեսնում։ Փոխանակ բանակային ծառայությունը դարձնենք ավելի հեղինակավոր, արդյունավետ և գրավիչ, տարբեր մեխանիզմներով փորձում ենք այն փոխարինելի դարձնել այլ ծառայություններով։ Իսկ դա, իմ համոզմամբ, սխալ մոտեցում է։ Պետական ծառայության տարբեր ուղղությունները պետք է լրացնեն միմյանց, ոչ թե մեկը մյուսի հաշվին թուլացվեն։
-Չենք կարող չանդրադառնալ նաև Ադրբեջանի տարածքային նկրտումներին։ Հայկական կողմի արձագանքն է՝ եթե հնչի կրակոց, մենք դրան չենք պատասխանելու։ Դուք ինչպե՞ս եք նման հայտարարությունները մեկնաբանում։
-Այդ հայտարարությունը պետք է դիտարկել այս իշխանությունների կողմից տարվող վերջին տարիների ընդհանուր քաղաքականության համատեքստում։ Հայկական կողմը շարունակելու է ճնշված վիճակում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները կառավարում են։ Չեմ ուզում շատ խորանալ այս թեմայի մեջ, բայց բավական է հետադարձ հայացք նետել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաջորդած տարիներին։ Այս ընթացքում մենք անընդհատ ականատես ենք եղել զիջումների, կորուստների, հակառակորդի կողմից նոր պահանջների և դրան հաջորդած հայկական կողմի հերթական զիջումներին։ Բաքուն պահանջում է, ճնշում է, ստանում է, իսկ մենք հետո փորձում ենք հարմարվել ստեղծված նոր իրավիճակի հետ։ Երբ այսօր ասում են՝ «եթե կրակոց լինի, պատասխան կրակոց չենք անելու», հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչպե՞ս է պետությունը պատրաստվում պաշտպանել իր սահմաններն ու քաղաքացիներին։ Ես չեմ ասում, որ յուրաքանչյուր կրակոցի պետք է անպայման պատասխանել կրակոցով՝ անկախ իրավիճակից։ Բայց նախապես հայտարարել, որ կրակոցի դեպքում պատասխան չի լինելու, այդ դեպքում հակառակորդին դու ի՞նչ ազդանշաններ ես փոխանցում։
Եթե այսպիսի տրամաբանությունը չփոխվի, ես չեմ կարծում, որ միայն հայտարարություններով, «սրտիկներով», բարեմաղթանքներով կարող ես ապահովել երկարաժամկետ անվտանգությունդ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: