Դուք դեմ եք, հա՞, «խաղաղությանն» ու «իրական Հայաստանին»․ «Փաստ»

Վերջին ընտրություններում նույնիսկ «սեփական» ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս արդյունք գրանցած ՔՊ-ն ու յուր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարծես շատ մեծ բեռ են վերցրել իրենց պարգևավճարված ուսերին՝ էլի շահարկելով «ժողովրդի վստահությունը», որը բացարձակ գոյություն չունի:

Նրանց, հատկապես Փաշինյանին արդեն ծովը…, չնայած այս ի՜նչ ենք ասում՝ ծով, օվկիանո՜սն է արդեն ծնկներից թվում: Մասնավորապես, Փաշինյանը համոզված է, որ ինքը ոնց ասի, մյուս բոլորն այդպես էլ պիտի իրենց ավտոմեքենաները քշեն («ոնց կասենք, տենց կքշեք»): Դեռ մի կողմ, որ սա ասում է մի «մեքենավար», որ, իր իսկ խոստովանությամբ, իր վարորդական իրավունքի առաջին վկայականը ստացել է ընդամենը մի քանի հարյուր մետրից քննողներին երևալով:

«Ոնց ասենք, տենց կքշեք»-ից Փաշինյանն ու ՔՊ-ն սահուն կամ ոչ այնքան սահուն անցում են կատարում կարծես «ոնց ասենք, տենց կմտածեք…, ոնց ասենք, դա էլ կհիշեք» ու նման՝ բացարձակապես բռնատիրական «բանաձևերի» կիրառմանը: Ահավասիկ, օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքեր: Ավելին, նա ասել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի դրա դեմ, քանի որ տեղի ունեցողը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար:

Թեպետ առանց հավելյալ մանրամասնումների էլ պարզ է, թե Փաշինյանն ինչ նկատի ունի «իրական Հայաստանի գաղափարախոսությանը հակասող» ասելով, բայց նրա ելույթի հետագա ընթացքից ավելի պարզ դարձավ, թե այդ ինչն է սպառնալիք համարել: Պարզվում է՝ նրան խիստ դուր չի եկել, որ մարդիկ հիշում են Վանի, Մուշի (նաև՝ Արցախի) մասին…

Միանգամից նշենք, որ պետության քաղաքական, դաստիարակչական, գաղափարախոսական դոկտրինը մեկ բան է, իսկ ինչ-որ մեկ անձի, ինչ-որ 1 կուսակցության կամ դրա ղեկավարի քմահաճույքն ու դրա պարտադրանքը՝ բոլորովին այլ բան: Առավել ևս, որ այդ պարտադրանքը հակասում է պետության, ազգի ընկալումներին, շահերին, պատմական հիշողությանն ու պատկերացումներին:

Ինչի՞ մասին է խոսքը:

Տեսեք, Փաշինյանը նպատակադրվել է դպրոցներից արմատախիլ անել այն ամենը, ինչ հակասում է իր հորինած «իրական Հայաստանի», եթե կարելի է այդպես ասել, «գաղափարախոսությանը»: Եթե հակիրճ նկարագրենք այդ «գաղափարաբանությունը», ապա այն հանգում է հետևյալին. հայերի հայրենիքը սոսկ այն է, ինչը պարփակված է ՀՀ սահմաններով (այս սահմաններն էլ կազմվում են Ադրբեջանի և Թուրքիայի «բարեհաճությամբ»), մնացածը ոչ միայն Հայրենիք չէ, այլև դրա մասին հիշելը չափազանց վտանգավոր է, խաղաղության դեմ է, մի խոսքով՝ «քը՛խ» է: Մնացածն էլ՝ «այստեղ հաց, այստեղ Հայրենիք»…

Բացի այն, որ դա «գաղափարախոսություն» չէ, որպես այդպիսին, հակագիտական է և այլն, դա ընդամենը ընկալումը կամ պատկերացումն է մեկ անհատի: Դեռ մի կողմ դնենք հարցը, թե դա որքանով խեղաթյուրված ընկալում է: Բուն հարցն այլ է. ի՞նչ է անելու փաշինյանական իշխանությունը, որպեսզի արմատախիլ անի «իրական Հայաստանի» կարծեցյալ «գաղափարախոսությանը հակասող» ամեն ինչ դպրոցներից արմատախիլ անելու համար: Ինչպե՞ս է դա անելու, բացի ուսուցիչներին ու դպրոցների տնօրեններին ահ տալուց: Փոխելո՞վ բոլոր դասագրքերը, այրելո՞վ հներն ու «Փաշինյանի զրոյական կետից» նոր դասագրքեր գրելո՞վ:

Մասնավորապես, դպրոցներում այլևս չպիտի ասեն աշակերտներին, որ Հայոց գրերի գյուտն արել է Մեսրոպ Մաշտոցը: Երեք պատճառով. Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում, գրերի գյուտի վրա աշխատելու ընթացքում եղել է Գողթն գավառում (ներկայիս Նախիջևանի տարածք) և, ո՜վ սարսափ, առաջին դպրոցը կամ դպրոցներից մեկը բացել է Արցախ աշխարհի Ամարասի վանքում: Երեխաները, որ ավանդաբար հետաքրքրասեր են, բնականաբար, կհարցնեն՝ որտե՞ղ է Տարոն գավառը, որտե՞ղ է Գողթնը, որտե՞ղ է Ամարասը: Իսկ եթե դասարանում նաև բռնագաղթյալ արցախցի երեխա լինի, օրինակ՝ նույն Ամարասից, ապա ընդհանրապես ծանր վիճակ կստեղծվի ուսուցչուհու համար: Կարճ ասած՝ որպեսզի Փաշինյանի ասածը տեղի ունենա, անհրաժեշտ կլինի արգելել «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայ գրականություն» (դա արդեն դարձրել են պարզապես «Գրականություն»), «Հայ ժողովրդի պատմություն» (դե, դրա համար դարձրեցին՝ «Հայաստանի պատմություն») առարկաներն ընդհանրապես: Սա առանց կատակի կամ սարկազմի ենք ասում: Ի վերջո, ի՞նչ Հայոց պատմություն, ի՞նչ պատմիչներ, ի՞նչ հայ գրողներ: Դուք դեմ եք, հա՞, «խաղաղությանն» ու «իրական Հայաստանին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment