«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականներն անհամբերությամբ սպասում են եւ հրճվանքով խոսում են այն մասին, որ շուտով Էդգար Ղազարյանը կլքի խորհրդարանը ու բանտ կգնա, քանի որ դատարանը նրան ազատազրկելու դատավճիռ է կայացնելու, եւ իրենք էլ կազատվեն նրա սուր ելույթներից։
Դեռ մեկ ամիս առաջ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին դատարանը մեղավոր ճանաչեց եւ հրապարակեց մեղադրական վերդիկտ, ապա արագացված ռեժիմով դատավճիռ կայացրին՝ ՍԴ դատավորներին արատավորելու շինծու եւ ծիծաղելի գործով` Քրօր․-ի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախատեսվում է պատիժ՝ ազատության սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով։ Ղազարյանն այդ հայտարարություններով քննադատել էր ՍԴ դատավորներին՝ Անկախության հռչակագրին վերաբերող հայտնի որոշումից հետո։ Նա օգտագործել էր «զավակին խժռող ծնող» ձեւակերպումը, որտեղ չկա արատավորման տարր, կա գնահատական, եւ այս քրվարույթը խոսքի ազատության կոպիտ ոտնահարում է։
Ուշագրավ է, որ Ղազարյանի դեմ հաղորդում ներկայացրել է ոչ թե ՍԴ դատավորներից մեկը, ինչն օրենքի պահանջ է, այլ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը, իսկ գործով տուժողներ չկան։ Հոկտեմբերի 1-ին այս գործով նիստ է նշանակված, մեղադրողը պետք է պատժաչափ առաջարկի, եւ չի բացառվում, որ հապճեպ որոշում կայացնեն: Եթե դա լինի ազատազրկում, ապա դատախազը պետք է գնա ԱԺ` պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի, որից հետո պատգամավորին կարող են բանտ տանել։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել բոլոր ատյաններում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում