Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար

Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլին։ Այս մասին Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հայտնում է Current time-ը։

Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին պատերազմը դադարեցնելու ջանքերը նոր թափ են ստացել։ Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ եվրոպացի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ է, քանի որ Ուկրաինայի անվտանգությունն անմիջականորեն կապված է Եվրոպայի անվտանգության հետ։

Իր հերթին, Ֆրանսիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և իր ներկայացուցչին ուղարկել Մոսկվա՝ պայմանով, որ Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններին Եվրոպան լիարժեք մասնակցություն ունենա։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։

Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ Եվրոպան պետք է առանցքային դեր ունենա անվտանգության ապագա ճարտարապետության, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, Ուկրաինայի վերականգնման և սառեցված ռուսական ակտիվների ճակատագրի քննարկման հարցում։ Ֆրանսիայի դեսպանատանը Մոսկվայի հրավերը որակել են որպես հուսադրող ազդանշան, քանի որ նախկինում ռուսական իշխանությունները նախընտրում էին բանակցել միայն Վաշինգտոնի հետ։ ԵՄ ներկայացուցիչների՝ Մոսկվա հնարավոր այցի ժամկետներն ու մանրամասները դեռ համաձայնեցված չեն։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 25-ին հաստատել է եվրոպական կողմի հետ շփումների առկայությունը, սակայն նշել է, որ դրանք դեռևս էական արդյունքներ չեն տվել։

«Որոշակի աշխատանքային շփումներ կան, բայց առայժմ, այսպես ասած, դրանք քիչ արդյունավետ են»,- ասել է նա՝ մեկնաբանելով քաղաքական խորհրդականների մակարդակով հնարավոր խորհրդակցությունների մասին հաղորդագրությունները։ Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է համբերատար շարունակել շփումները եվրոպական կողմի հետ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե կոնկրետ ինչ դեր է Եվրամիությունը մտադիր ստանձնել պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Եվրահանձնաժողովի միջև մինչ այժմ շփումներ չեն եղել։

Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ֆոն դեր Լայենը հիշեցրել է նաև «Կամավորների կոալիցիայի» առաջարկների մասին՝ ձմեռային ժամանակահատվածում դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածները և համաձայնագիր կնքել, որը կապահովի Սև ծովով պարենային ապրանքների անվտանգ փոխադրումը։ Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքով՝ Մոսկվայի համաձայնությունն այս միջոցառումներին ցույց կտար նրա մտադրությունների լրջությունը։

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Ուկրաինային և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի առաջարկները։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Եվրամիությունը Ուկրաինային ընդհանուր առմամբ 235 միլիարդ եվրոյի օգնություն է տրամադրել։ Միևնույն ժամանակ, նույնիսկ հաշվի առնելով 2026-2027 թվականների համար ավելի վաղ համաձայնեցված 90 միլիարդ եվրոյի եվրոպական վարկը՝ 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը կկազմի 70 միլիարդ եվրո։ Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկել է Կիևին տրամադրել ևս 45 միլիարդ եվրոյի վարկ՝ 2027 թվականին Ուկրաինայի պաշտպանական և բյուջետային կարիքները հոգալու համար։

Եվրոպացի ներկայացուցիչների՝ բանակցություններին մասնակցելու հարցում Մոսկվայի համաձայնության մասին ավելի վաղ հայտնել էին ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Նոյեմբերի 19-ին Չինաստանում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եվրոպացի ներկայացուցիչներին հրավիրել է Մոսկվա՝ պարզելու տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ միայն դրանից հետո ռուսական կողմը կորոշի բանակցությունների հետագա ձևաչափը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կասկած է հայտնել, որ Եվրոպայի ներկայացուցիչները կմեկնեն Մոսկվա։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն ավելի վաղ ընդգծել էր, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին հրավիրելը չի նշանակում, թե Մոսկվան համաձայնել է նրանց ներգրավմանը Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններում։

Leave a comment