Սեպտեմբերի 27-ին ավագանու անդամի ընտրություններ կլինեն Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում կանցկացվեն և՛ ավագանու անդամի, և՛ համայնքապետի ընտրություններ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ավագանու ընտրություններ են սպասվում նաև Լոռու մարզի Թումանյան համայնքում, որում մասնակցող միակ ուժը ՔՊ-ն է․ գործող համայնքապետ, նախկին «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Թումանյանն էլ գլխավորում է ավագանու անդամների թեկնածուների ցուցակը։
Այսօր ավարտվում է չորս համայնքներում ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Factor.am-ն ուսումնասիրել է, թե ինչ իրավիճակ է ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններից առաջ։
Ֆերիկն Արմավիրի մարզի միակ չմիավորված համայնքն է, որտեղ ապրում են եզդիներ: ԿԸՀ վերջին տվյալներով՝ այստեղ ընտրելու իրավունք ունեցող 163 քաղաքացի կա։ Ֆերիկի ավագանին ունի հինգ մանդատ։ Ավագանու անդամի ընտրությանը մասնակցում է հենց հինգ թեկնածու։ Համայնքի ղեկավարը Ռուստամ Համասյանն է։
Նա շուրջ 10 տարի ղեկավարում է Ֆերիկ համայնքը։ Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ պաշտոնը ստանձնելով 2016 թվականի մարտի 4-ին։ 2019 թվականի դեկտեմբերի 8-ին վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում։
Զուգահեռ, 2007 թվականից Համասյանն աշխատում է Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոցում՝ որպես եզդիերեն լեզվի և գրականության ուսուցիչ։
Կոտայքի մարզի Արզնի համայնքում ևս այս կիրակի ավագանու անդամի ընտրություն է նախատեսվում։ Այն ամենամեծ ասորական համայնքներից մեկն է։ Արզնիում ընտրելու իրավունք ունի 1978 քաղաքացի, իսկ ավագանին կազմված է 9 անդամից։ Ընտրությանը գրանցվել է ավագանու անդամի 17 թեկնածու։ Այսպիսով, Արզնին միակ համայնքն է, որտեղ ավագանու տեղերի համար մրցակցություն կլինի։
Արզնիի ղեկավարը Ֆելիքս Միրզոևն է, պաշտոնը ստանձնել է 2023 թվականի նոյեմբերի 6-ից։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, թեև համայնքապետարանի կայքի «Համայնքի ղեկավար» դաշտում նշված է, թե նա անկուսակցական է։
2025 թվականի հունիսի 9-ին Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը ձերբակալվել էր։ Կոտայքի մարզում հունիսի 8-ին վիճաբանության մասնակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից 8 անձ էր ձերբակալվել, այդ թվում՝ Ֆելիքս Միրզոևը:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ Արզնու համայնքապետը «Avenue Arzni» հյուրատանը խնջույք է կազմակերպել, որի ժամանակ վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ էին տեղի ունեցել։ Մասնակիցներից մեկը հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում «Աբովյան» ԲԿ էր տեղափոխվել։
Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, այդ թվում՝ սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենքի շրջանառության հոդվածներով։ Ֆելիքս Միրզոևը ձերբակալության հաջորդ օրն ազատ էր արձակվել։
Արզնիի համայնքապետի վերաբերյալ դատարաններում եղել են պարտքի հետ կապված քաղաքացիական գործեր։ 2020 թվականին դատարանը նրան պարտավորեցրել է «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ-ին վճարել 259 հազար 247 դրամ՝ վարկի մնացորդի, տոկոսների և տրամադրման վճարի համար, իսկ 2023-ին Ֆելիքս Միրզոևի նկատմամբ «Գլոբալ Կրեդիտ» ընկերությունը քաղաքացիական հայց էր ներկայացրել՝ պարտքի բռնագանձման նպատակով նրա անշարժ գույքի բաժնի առանձնացման կամ գույքի վաճառքի պահանջով։ 2023-ին Միրզոևը ամբողջությամբ մարել է պարտքը, ինչից հետո վարկային կազմակերպությունը հրաժարվել է հայցից, և 2024 թվականի հունվարի 15-ին դատարանը գործի վարույթը կարճել է։
2018-2023 թվականներին Արզնիում ղեկավարում էր Ալեքսանդր Միրզոևը, որը 2018-ին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով էր առաջադրվել։
Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում նշանակվել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություն։ 2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Լերմոնտովո և Անտառաշեն գյուղերը կազմել են Լերմոնտովո համայնքը։ «Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ ընդհանուր պատկերը ՀՀ-ում» 2024 թվականի զեկույցով՝ Լերմոնտովո համայնքում բնակիչների 70 տոկոսը ռուսներ են, 26-ը՝ հայեր, 4-ը՝ եզդիներ։
Համայնքի ղեկավարը Էդիկ Չախալյանն է, որը նաև այս ընտրություններում միակ թեկնածուն է։ Չախալյանը անկուսակցական է, համայնքի ղեկավարն է դեռևս 1997 թվականից։
Լերմոնտովոյի ավագանին ևս հինգ մանդատ ունի և այդ թվով էլ թեկնածուներ են առաջադրվել։ 612 ընտրելու իրավունք ունեցող համայնքում կգործի երկու ընտրատեղամաս։
Այս տարի՝ հունիսի 5-ին, Լերմոնտովոյում հանքի շահագործման հարցով քննարկումը բնակիչների դիմադրությանն է հանդիպել։ Նախատեսված էր հանրային լսում՝ համայնքի տարածքում գտնվող «Երկաթե գլխարկ» հանքավայրի պաշարների վերագնահատման վերաբերյալ, սակայն բնակիչները բոյկոտել են այն՝ հայտարարելով, որ դեմ են համայնքում հանք շահագործելուն։ Արդյունքում լսումը չի կայացել։
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքում հուլիսի 3-ին կատարված փոփոխությունների և լրացումների՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Անի Թամրազյան