«Եթե Նիկոլ Փաշինյանը երգի ոչ թե Շանս Էլիզեն, այլ «Матушка-земля-ն», հարցերը կլուծվեն». Սամվել Կարապետյան

Այսօր լրագրողները «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից հետաքրքրվեցին, թե իր հարցազրույցում, երբ խոսում էր ընդդիմադիր ուժերի մասին և ասում, որ «փչացրեցին պայքարը», արդյոք նկատի ուներ «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի՞ն։

Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Կտեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի։ Ով որ իր վրա կվերցնի, ուրեմն կվերցնի»։

Գաղտնի պլանի վերաբերյալ հարցին էլ Կարապետյանը պատասխանեց, որ «քայլ առ քայլ գնում են առաջ»։

Անդրադառնալով եկեղեցու դեմ իրականացվող իշխանական ծրագրին ու ՀԱՍԵ-ում իբր ճգնաժամի առկայության եւ դրա լուծման ուղիների վերաբերյալ ծրագրին՝ Կարապետյանն ասաց. «Դեռ ինչ-որ ֆեյքերի ՊՈԱԿ ինչ-որ հիմարություն է գցել։ Հիմարություն է, չեմ ցանկանում մեկնաբանել։ Ոչ մի բան էլ չեն կարողանալու անել, դրան վերջ կլինի։ Եկեղեցին պաշտպանելու ենք, ոնց մինչև հիմա։ Ինչի կարիք լինի, դա անելու ենք»։

Անդրադառնալով «Գելլափ»-ի հարցմանը, որի համաձայն՝ հարցվածների 80 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, և Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի այն հանձնելու Ադրբեջանին, լրագրողները Կարապետյանից հետաքրքրվեցին՝ անհրաժեշտության դեպքում ժողովուրդը ոտքի կկանգնի՞ Տիգրանաշենի պաշտպանության համար։

Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Եթե ճիշտ աշխատանք տանենք, ժողովուրդը պարտավոր է ոտքի կանգնել»։

Իսկ ՀՀ-ՌԴ հարաբերությունների կարգավորման, խնդիրների հնարավոր լուծման վերաբերյալ հարցին ի պատասխան Կարապետյանը հումորով ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանը երգի ոչ թե Շանս Էլիզեն, այլ «Матушка-земля-ն», հարցերը կլուծվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment