Սովորաբար քաղաքակիրթ երկրներում ընտրություններից հետո հաղթած թեկնածուն ստանձնելով երկրի ղեկավարումը, հաշտության ձեռք է մեկնում ողջ քաղաքական դաշտին, այդ թվում, ընդդիմադիր ուժերին։ Այլ հարց է, որ ընդդիմադիր միավորներն իրենք են որոշում, սեղմե՞ն այդ ձեռքը, թե՝ ոչ։
Այդպես է եղել նաև Հայաստանում նախկին բոլոր նախագահների օրոք, և միայն Նիկոլ Փաշինյանն էր, որ ոչ միայն չմեկնեց հաշտության ձեռքը, այլև դիմեց էլ ավելի մասշտաբային ռեպրեսիաների։ Նման պարագայում ընդդիմությունը պետք է գործեր լրիվ հակառակ տրամաբանությամբ։
Օրինակ՝ երբ սկսվեց Պոմպեոս-Կեսար հակամարտությունը, Պոմպեոսը հայտարարում էր. «Ով ինձ հետ չէ, նա ինձ դեմ է», իսկ Կեսարը` հակառակը. «Ով ինձ հետ չէ, նա ինձ դեմ չէ»։ Արդյունքում մարդիկ աստիճանաբար սկսեցին լքել Պոմպեոսին ու ապահովեցին Կեսարը հաղթանակը։
Ահա Պոմպեոսի տրամաբանությամբ առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը ու բոլորին, որոնք չեն կիսում իր քաղաքականությունը, հռչակում է թշնամի։ Այդ ֆոնին խիստ մտահոգիչ էր Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցում արված հայտարարությունը, որում իր ձախողումների պատասխանատու սարքեց ընդդիմադիր այն ուժերին, որոնք մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, սակայն չեն հաղթահարել անհրաժեշտ շեմը։ Սամվել Կարապետյանը մեղավոր հռչակեց նույիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի հետ տեղի ունեցածը աննախադեպ էր Հայաստանի պատմության մեջ։ Սամվել Կարապետյանը անհրաժեշտ շեմը չհաղթահարած քաղաքական միավորներին հռչակեց Փաշինյանի պրոքսի ուժեր ու բացառեց նրանց հետ հետագա համագործակցությունը։ Այսինքն կրկին նույն մոտեցումը. «Ով ինչ հետ չէ, նա ինձ դեմ է»։
Մինչդեռ Սամվել Կարապետյանը պետք է լիներ այն անձը, որը ձեռք է մեկնում բոլորին անխտիր, անկախ նախկինում ունեցած տարաձայնություններից ու անկախ նրանից, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ով որքանով է սխալվել իր հաշվարկներում։
Բացի այդ, քաղաքական դաշտը ոչ ոքի սեփականությունը չէ ու որևէ տեղ նշված չէ, թե կոնկրետ որ ուժերն իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին, որոնք՝ ոչ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք ոչ թե ձգտում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այլ վերաբաշխում ենք իշխանությունը մեկից մյուսը։
Մի այլ կարևոր հանգամանք ևս, այդ Նիկոլ Փաշինյանն է իր ձախողումները գցում այլոց գրպանը, եթե նույն քաղաքականությունը պետք է որդեգրի նաև ընդդիմությունը, ապա ո՞րն է լինելու նրանց տարբերությունը։
Սա ոչ թե քննադատություն է Սամվել Կարապետյանին, այլ հորդոր, կոչ, խորհուրդ, որի հիմքում մտագոհությունն է։ Եթե նա ցանկանում է հասնել հանրային ու քաղաքական լայն կոնսոլիդացիայի, ապա պետք է գնա ոչ թե մեղադրանքների ու բացառումների, այլ մշտապես երկխոսության ճանապարհով։
Ի դեպ, թյուր է կարծիքը, որ եթե մեկը հաջողում է բիզնեսում, ապա անպայման կհաջողի նաև քաղաքականությունում, հետևաբար խորհուրդների կարիք չունի։ Նման մոտեցումը կտրում է մարդուն իրականությունից ու հանգեցնում ձախողման։ Մարդը կարող է լինել միլիարդատեր, բայց չտիրապետել քաղաքական այբուբենին, նույնն էլ հակառակը։
Օրինակ՝ իմ խորին համոզմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի քաղաքական բացառիկ միտք, սակայն կրկին իմ խորին համոզմամբ, չունի բիզնես մտածելակերպ։ Հետևաբար Սամվել Կարապետյանը կարող է ունենալ բիզնես բացառիկ միտք, բայց չունենա քաղաքական մտածելակերպ, ուստի խորհուրդներին ականջալուր լինելը չէր խանգարի։ Հուսամ հաջորդ հարցազրույցում Սամվել Կարապետյանի կողմից ականատես կլինենք հայտարարությունների ու քայլերի, որոնք միտված են ոչ թե մեղավորներ փնտրելուն, այլ իրական կոնսոլիդացիայի թե՛ հասարակության ներսում, թե՛ քաղաքական դաշտում։
Կարեն Կարապետյան