«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը «հիմարություն» է անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) վերաբերյալ զեկույցը և հայտարարել, որ իրենց քաղաքական ուժը շարունակելու է պաշտպանել եկեղեցին։ Այս մասին նա ասել է ճեպազրույցում՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին։
Ճեպազրույցը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։ «Դե, ինչ-որ ֆեյքերի ՊՈԱԿ ինչ-որ հիմարություն է գցել, ես չեմ ուզում մեկնաբանել, դա ուղղակի հիմարություն է»,- ասել է Կարապետյանը։ Հարցին, թե ինչպես է «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում պաշտպանել եկեղեցին, նա պատասխանել է․ «Ինչպես մինչև հիմա ենք պաշտպանել»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հնարավոր գործողությունների մասին ճշտող հարցին Կարապետյանն ավելացրել է․ «Ինչի կարիք լինի՝ դա անելու ենք»։ Զեկույցը պատրաստել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը՝ Փաշինյանի հանձնարարությամբ։ Հեղինակներն առաջարկել են ՀԱԵ-ում փոփոխությունների հնգափուլ ծրագիր, որը ներառում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացում, տեղապահի ընտրություն, եկեղեցու միասնական կանոնադրության ընդունում և նոր կաթողիկոսի ընտրություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զեկույցը անվանել է հակասահմանադրական, հակականոնական և ապօրինի՝ այն գնահատելով որպես միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։ Իշխանություն-եկեղեցի հակադրությունը սրվել էր 2025 թվականի մայիսի վերջին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցրել Գարեգին Բ-ի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։
Հունվարին Փաշինյանը հայտնել էր համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նոր կաթողիկոսի ընտրության գործընթաց կազմակերպելու համար։ Կաթողիկոսի հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը» ներառվել էին կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։ Փետրվարին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ, կիրառվել էր նաև երկրից բացակայելու արգելք։ Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականի մեղադրում են դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեջ՝ կապված կարգալույծ Գևորգ Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մնալու հետ։