ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի միջանկյալ միջոցի պահանջը (PAN.am)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, սեպտեմբերի 24-ին մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիմքով միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, հայտնում է Արմենպրեսը:

Մասնավորապես՝ Գագիկ Խաչատրյանը դիմել է ՄԻԵԴ՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ կառավարությանը վերացնել իր նկատմամբ ընտրված կալանքը և որևէ ձևով չսահմանափակել իր ազատությունը։ Նա նաև խնդրել է դադարեցնել իրեն պատգարակով տեղափոխելու գործելակերպը, ապահովել բժշկական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրականացումը, վերացնել իր նկատմամբ սահմանված բացակայելու արգելքը և բուժման նպատակով թույլատրել մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ ՄԻԵԴ-ը ներկայացված պահանջը կոմունիկացրել է Հայաստանի կառավարությանը՝ կողմերին ուղղելով համապատասխան հարցեր և նրանց հնարավորություն տալով ներկայացնել իրենց դիրքորոշումները։

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և դիմումատուի կողմից ներկայացված պատասխանները ստանալուց հետո ՄԻԵԴ-ը որոշել է ամբողջությամբ մերժել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Գագիկ Խաչատրյանի պահանջը։ Այսպիսով, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի շրջանակներում ներկայացված պահանջների վերաբերյալ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտություն չի տեսել»,-ընդգծել են գրասենյակից:

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն անցնում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով։ Այդ վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված մոտ 21 ընկերությունների գրասենյակներում ու մասնաճյուղերում։ Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1-ին ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն, որը սեպտեմբերի 2-ին բավարարվել է։

Leave a comment