Թուրքիայում հայտնաբերվել է աքքադական սեպագիր արձանագրությամբ հնագույն կավե սալիկի մի հատված. պարզվել է, որ այն Կադեշի պայմանագրի պատճենի մաս է կազմում։
Այս փաստաթուղթը կնքվել է Հին Եգիպտոսի և Խեթական տերության միջև մ.թ.ա. 13-րդ դարում՝ երկու պետությունների միջև տևական հակամարտությունից հետո, և համարվում է հայտնի ամենավաղ միջազգային խաղաղության պայմանագիրը, հայտնել է «Smithsonian Magazine»-ը։
Ուշագրավ գտածոն հայտնաբերվել է Թուրքիայի ժամանակակից Չորում նահանգի Բյույուքքալե (Büyükkale) վայրում իրականացված պեղումների ընթացքում։ Այստեղ են գտնվել Խեթական տերության մայրաքաղաքն ու արքունական պալատը։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտնել է, որ գիտական վերլուծությունը հաստատել է։ Կավե հատվածը պատկանում է Կադեշի ճակատամարտից հետո ձեռք բերված խաղաղության համաձայնագրի հնագույն պատճեններից մեկին։
Հետազոտողները մոտ մեկ տարի ուսումնասիրել են արտեֆակտի վրայի արձանագրությունը՝ նախքան իրենց բացահայտումների մասին հայտարարելը։ Այժմ նրանք հույս ունեն, որ հնագիտական հետագա աշխատանքները կօգնեն հայտնաբերել պայմանագրի այդ պատճենի մյուս մասերը։