Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 25-ին մեկնարկած Ադրբեջանական երկրորդ միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադարձել է երկրի տնտեսական ցուցանիշներին, միջազգային վարկանիշներին և տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին։
Իր ուղերձում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի գլոբալ ռազմավարական գործընկերություններն ու ոչ նավթային հատվածում աճող օտարերկրյա ներդրումները ճանապարհ են հարթում դեպի ավելի խորը ինտեգրում գլոբալ արժեշղթաներում։ Ըստ նրա՝ դա վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են արտադրությունը, առևտուրը, էներգետիկան, թվային տրանսֆորմացիան, արհեստական բանականությունը և առաջատար տեխնոլոգիաները։
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ դրական միտումները արձանագրվել են նաև միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից։ «Fitch» և «Moody’s» գործակալությունները բարձրացրել են Ադրբեջանի ինքնիշխան վարկանիշները՝ հասցնելով ներդրումային մակարդակի, ընդ որում առաջիկա ժամանակահատվածի կանխատեսումը գնահատվել է համապատասխանաբար կայուն և դրական։ Ալիևը հավելել է նաև, որ իրենց ֆինանսական կայունությունն լրացուցիչ ամրապնդվում է ռազմավարական արտարժութային պահուստներով, որոնք 2025 թվականի վերջի դրությամբ գերազանցել են ՀՆԱ-ի 110 տոկոսը։
Անդրադառնալով տրանսպորտային ուղիներին՝ Ալիևը նշել է, որ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը դարձել է կարևոր օղակ Ասիայի և Եվրոպայի միջև։ Նա հավելել է, որ Միջին միջանցքը Կասպից ծովով Կենտրոնական Ասիան կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ, իսկ ձևավորվող «Զանգեզուրի միջանցքը», որը հայտնի է նաև որպես TRIPP երթուղի, էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային հանգույց և նոր հնարավորություններ կստեղծի առևտրի, ներդրումների ու արդյունաբերական համագործակցության համար ողջ Եվրասիայում։