Այլ երկրներից գազ գնելու դեպքում Հայաստանը զգալիորեն ավելի թանկ կվճարի, քան վճարում է ռուսականի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ մեկնաբանելով մատակարարումների հնարավոր դիվերսիֆիկացիան։
Շևցովին խնդրել են մեկնաբանել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ հանրապետությունը մտադիր է գազ գնել «բոլոր հնարավոր տեղերից», այդ թվում՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից:
Ալեքսեյ Շևցովը լրագրողներին ներկայացրել է այլ երկրներից մատակարարումների հնարավոր արժեքի հաշվարկները:
«Ընդհանուր առմամբ, թվարկված տարբերակներից որևէ մեկում գազը կարժենա զգալիորեն ավելի թանկ, քան Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գնելիս, ինչի շնորհիվ Հայաստանը կարողացել է վերջին տարիներին ապահովել տնտեսության կայունությունն ու աճը։ Ընդ որում, գազամատակարարման դիվերսիֆիկացումը լրացուցիչ կառաջացնի հարակից ծախսեր», – հայտարարել է Շևցովը։
Հայաստանի համար ռուսական գազը վաճառվում է 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլար գնով։
Դրանից էժան Ռուսաստանը գազ է մատակարարում միայն Բելառուսին։ Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի նախատեսում փոխել Ռուսաստանից և Իրանից գազի մատակարարման գործող սխեման: Պատասխանելով հարցին, թե իրանական գազը կարո՞ղ է այլընտրանք դառնալ ռուսական գազին, Աբրահամյանը նշել էր, որ այդ ուղղությամբ Երևանը ներկա դրությամբ լրացուցիչ միջոցներ չի ձեռնարկում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հայտարարել էր, որ Երևանը իրանական գազը չի դիտարկում որպես ռուսական գազին այլընտրանք:
Հատկանշական է, որ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ` եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստանի համար գազի գինը, դա երկակի վատ էֆեկտ կունենա հանրապետության տնտեսության վրա: Գազի գնի բարձրացման դեպքում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կբարձրանան, իսկ բնակչությունը ստիպված կլինի տնտեսել շատ ապրանքների և ծառայությունների վրա։