Այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) հայտարարեցին նոր գործընկերության մասին՝ հակամարտություններից, ճգնաժամերից եւ աղետներից տուժած համայնքներին վերականգնվելու եւ երկարաժամկետ ներդրումներ ներգրավելու հարցում օգնելու համար։
Եվրոպական հանձնաժողովը չորս տարվա ընթացքում լրացուցիչ 15 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Եվրոպական ներդրումային բանկի կողմից աջակցվող նախագծերի նախապատրաստմանն ու իրականացմանը, ինչպես նաեւ խոցելի երկրներում Եվրոպական ներդրումային բանկի ներդրումներին աջակցելու համար։
Նորաստեղծ ԵՆԲ-ի փխրունության աջակցման ծառայությունը (EIB Fragility Helpdesk), որին հատկացված փաթեթից բաժին կհասնի 3 միլիոն եվրո, կօգնի գնահատել տեղական պայմաններն ու ռիսկերը, ինչպես նաեւ խորհրդատվություն կտրամադրի նախագծերը անվտանգ կերպով նախագծելու եւ իրականացնելու, դրանք տեղական կարիքներին հարմարեցնելու եւ տեղական համայնքների դիմակայունությունն ամրապնդելու եւ ապագա ճգնաժամերին դիմակայելու նպատակով դրանք օգտագործելու համար։
Մնացած 12 միլիոն եվրոն հնարավորություն կտա ՄԱԶԾ-ին պատրաստել նախագծային փաստաթղթեր եւ աջակցել տեղերում ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող ընտրված գործողությունների իրականացմանը։
«Անկայունության հաղթահարումը ենթադրում է մարդասիրական, զարգացման եւ ֆինանսական գործընկերների համատեղ աշխատանք՝ ներդրումներ կատարելու այնպիսի լուծումների մեջ, որոնք կօգնեն մարդկանց տարեցտարի խուսափել նույն արտակարգ իրավիճակներից։ Այս գործընկերությունը կօգնի գործնականում կիրառել ԵՄ-ի անկայունության նկատմամբ նոր համապարփակ մոտեցումը։ Այն նաեւ հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել մարդասիրական ռեսուրսները՝ աջակցելով ավելի կայուն ներդրումներին եւ լուծումներին՝ այսօրվա մարդասիրական կարիքները բավարարելու համար», – ասել է Հավասարության, պատրաստվածության եւ ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լաբիբը:
Նախագծերը կարող են աջակցել գյուղատնտեսությանը, փոքր եւ միջին բիզնեսին, էներգետիկային, տրանսպորտին եւ այլ կարեւոր ենթակառուցվածքներին՝ հնարավորություն տալով անցում կատարել արտակարգ օգնությունից դեպի ավելի կայուն լուծումներ կարիքավորների համար: Դրանք կարող են նաեւ օգնել վերականգնել կարեւոր ծառայությունները եւ ապահովել կենսապահովման միջոցները ճգնաժամից հետո:
EU NEIGHBOURS east
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: