Կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ հարցաքննվում է Քննչական կոմիտեում։ Այդ մասին հայտնել է նրա խոսնակ Իվետա Տոնոյանը, հայտնում է Factor.am-ը:
Վերջինիս փոխանցմամբ՝ այս հարցաքննությունը ևս անցկացվել է տուժող ճանաչված իրանցի գործարարների վարույթի շրջանակում։ Այն հարցին, թե արդյոք Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը որպես փաստաբան մասնակցել է հարցաքննությանը, Տոնոյանը բացասական պատասխան է տվել։
Հուլիսի 22-ին Ծառուկյանը ևս մեկ անգամ տարվել էր հարցաքննության, որի ընթացքում որոշում էր կայացվել փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելու մասին։
«Իրանի քաղաքացի տուժողը ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումների ժամանակ ես ևս ներկա եմ եղել որոշակի հանդիպումների Ծառուկյանի հետ, և իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալներ իմանալ և որպես վկայի կարգավիճակում հարցաքննվել։ Ես ուզում եմ նշեմ, որ սա ապօրինության գագաթնակետն է»,- ասել էր փաստաբանը։
Երեմ Սարգսյանը վկայակոչել է Քրեական դատավարության օրենսգիրքը՝ նշելով, որ չի կարող որպես վկա հարցաքննվել իր կողմից որպես փաստաբան մատուցվող ծառայությունների հետ կապված հանգամանքների վերաբերյալ։ Այդուհանդերձ, Սարգսյանը ոչ միայն հեռացվել է վարույթից, այլև որպես վկա հրավիրվել է հարցաքննության։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդի առանձնատանը, ինչպես նաև նրան ու նրա ընտանիքին պատկանող ավելի քան 70 ընկերություններում միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել։ Քննչական գործողությունները միայն ուշ երեկոյան ավարտելուց հետո Ծառուկյանը ձերբակալվել է: Ծառուկյանին մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման հոդվածներով։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի, Ծառուկյանն իրանցի գործարարներից հափշտակել է ավելի քան 21 մլն դոլարին համարժեք՝ մոտ 8 մլրդ 127 մլն դրամ արժողությամբ գույք։ ԲՀԿ առաջնորդն ու նրա թիմն իրենց հերթին պնդել են, որ տեղի ունեցածը քաղաքական վրեժխնդրություն է։