«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող արշավը, որովհետեւ սա նաեւ սրբությունների պղծում է մեզ համար»,- ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համահայկական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
«Մենք լուրջ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ՝ հստակորեն բացահայտելու քաղաքական շրջանակների համար, որ այս կատարվածն արշավ է, որեւէ հիմք չունի, քաղաքական վրեժխնդրության հարց է։ Ինչպես բոլորս էլ գիտենք՝ Հայաստանում ժողովրդավարության նահանջ է, եւ հատուկ պայքար կա ազգային արժեքների գաղափարախոսության եւ ինքնությունը պաշտպանելու կազմակերպությունների դեմ, որոնց թվում առաջատար դիրքերում է Հայ Առաքելական եկեղեցին։ Ես հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի վեհափառի ձերբակալության հարցին, բայց այս իշխանությունը բոլոր կարմիր գծերը հատել է»,- հավելեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նա նշեց, որ Հայաստանի վերաբերյալ Հայ դատի հանձնախմբերի վերջին երկու տարիների աշխատանքը վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պարտադրված զիջումներին ու պահանջներին դիմակայելուն։ Այն է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության, այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» կեղծ թեզը եւ այլ հարցերը։
«Նաեւ օրակարգում է մեր կողմից դրված խնդիրը, որ Արցախում ցեղասպանություն է կազմակերպվել, էթնիկ զտման քաղաքականություն է իրագործվել, Ադրբեջանը պատերազմական ոճիրներ է գործել։ Այս կծիկը հիմնական աշխատանքների մաս է կազմում։ Եվ նաեւ մենք դժբախտաբար միակ կազմակերպությունն ենք, որ շատ աշխույժ կերպով հետապնդում ենք գերիների ազատ արձակման հարցը, ունենք փաստաբանական գրասենյակ, հսկա գործունեություն ենք իրականացնում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, որ այդ ազատ արձակումն իրականանա»,- նշեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի իշխանությունը փորձում է փակել Արցախի հարցը, Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ ՀՅԴ դիրքորոշումն այլ է Արցախի հարցում։ «Առաջինը՝ վերադարձի իրավունքի խնդիրն է, որը ցնորք չէ։ Միջազգայնորեն ճանաչված իրավունքներ գոյություն ունեն՝ հալածված, էթնիկ զտումների ենթարկված ժողովուրդների վերադարձի իրավունքն ապահովելու իմաստով։ Բնական է, որ որեւէ մեկն այդ վերադարձի իրավունքը չի կարող իրականացնել, եթե չլինեն անվտանգությունն ապահովող միջազգային երաշխիքներ։ Երկրորդը մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրն է։ Հիմա Ադրբեջանը թիրախ է ընտրել քրիստոնյա կազմակերպություններին՝ Վատիկանի հետ մեծ աշխատանք է տանում, որպեսզի Արցախն իրենց բառամթերքից հանվի եւ նոր առաջարկություններ է արել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, որ պատվիրակությամբ գնան Բաքու, եւ ցույց տրվի, թե իրենք որեւէ բան չեն արել քրիստոնեական ժառանգության հետ։ Բայց վկա են այն եկեղեցիները, որոնք իրենք արդեն գետնին են հավասարեցրել»,- ասաց նա։
Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ երրորդ խնդիրն այն է, որ արցախցիները Հայաստանում իշխանությունների կողմից հալածանքների են ենթարկվում, կարեւոր է արցախցիների հավաքական իրավունքների համար պայքարի հարցը ուշադրության կենտրոնում պահել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: