«Նոր էջ է բացվել Հարավային Կովկասում»․ Աբիսողոմոնյանը՝ Վաշինգտոնի պայմանավորվածությունների մասին

Քաղաքականություն

25.09.2026 | 14:40

ՄԱԿ-ի Խաղաղաշինության հանձնաժողովի նախարարական հանդիպմանը Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ազգային առաջնորդության եւ ներառականության դերը խաղաղաշինության գործընթացներում։ Նա ներկայացրել է կանանց ու երիտասարդների մասնակցության, փախստականների ինտեգրման եւ տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ Հայաստանի քայլերը։

«Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ  արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ Խաղաղաշինության հանձնաժողովի նախարարական հանդիպմանը՝ «Ազգային առաջնորդությունը գործնականում. ներառական պետական կառույցների ամրապնդումը միջազգային խաղաղաշինական աջակցության միջոցով» խորագրով:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է ազգային առաջնորդության և ներառականության կարևորությունը խաղաղաշինության գործընթացների համար՝ նշելով, որ արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցման առաջնային պատասխանատվությունը կրում են կառավարությունները։

Նախարարի տեղակալը ներկայացրել է խաղաղաշինական գործընթացներում կանանց և երիտասարդների լիարժեք մասնակցությունն ապահովելու ուղղությամբ Հայաստանի քայլերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի գենդերային քաղաքականության ռազմավարությանը և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ազգային գործողությունների ծրագրին, որոնք նախատեսում են խթանել կանանց առաջնորդությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սահմանամերձ և փախստականներին ընդունող համայնքներում։ Ներկայացվել է նաև ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և զարգացման այլ գործընկերների հետ իրականացվող «Փախստականների և ընդունող համայնքների ներառական կենսապահովման ազգային շրջանակը»՝ ուղղված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանը, բնակարանային ապահովմանը, զբաղվածությանը և սոցիալական ծառայությունների հասանելիությանը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալը նշել է, որ 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը նոր էջ է բացել Հարավային Կովկասում խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային համագործակցության համար։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ուղղված խաղաղության ամրապնդմանը՝ հասարակությունների միջև երկխոսության խթանման, տարածաշրջանային տրանսպորտային կապերի և առևտրի զարգացման ու առկա մարդասիրական խնդիրների կարգավորման միջոցով»,-ասված է ԱԳՄԱ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment