Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. Մարդու իրավունքների պաշտպան

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. Մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ

Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Պաշտպանության նախարարության թիվ N զորամաս՝ ահազանգում ներկայացված հանգամանքները տեղում ուսումնասիրելու նպատակով։

 

 Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, այդ թվում՝ այն զինծառայողի, որի նկատմամբ ենթադրյալ բռնության, վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացվել էր ահազանգը։ Առանձնազրույցների բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

 

 Դեպքի հանգամանքների և զինծառայողի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է։ Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է, իսկ նման դեպքերի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկություն պետք է արժանանա պատշաճ արձագանքի և հանգամանքների բազմակողմանի քննության։

 

Մարդու իրավունքների պաշտպանը համանման յուրաքանչյուր դեպքով պահանջում է իրավասու մարմիններից իրականացնել ինչպես պատշաճ ներքին ուսումնասիրություն, այնպես էլ հիմքերի առկայության դեպքում` քրեական վարույթի շրջանակում գործի բազմակողմանի, արդյունավետ և պատշաճ քննություն: Վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունեն դեպքերի պատշաճ քննությունն ու պատասխանատվության անխուսափելիությունը, և այդ ուղղությամբ պետությունը պետք է իրականացնի անհրաժեշտ ու բավարար քայլեր: Ավելին, արդյունքների առնչությամբ պետական մարմինները պետք է հաշվետու լինեն նաև հանրությանը:

 

ՄԻՊ

Leave a comment