Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը, սակայն այս հարցի վերաբերյալ դեռևս կոնկրետ մանրամասներ չկան, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, նման քննարկում տեղի է ունեցել. նախագահ Պուտինի և ամերիկացի առաջնորդի միջև հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է մոտ ապագայում նման հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Այս պահին չեմ կարող որևէ լրացուցիչ մանրամասն հայտնել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այդ թեմայով հարցին։
Պեսկովը նաև նշել է, որ Պուտինի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչը Կիրիլ Դմիտրիեւը կապ է պահպանում ամերիկյան կողմի հետ։ Նա տեղեկացրել է, որ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր տնտեսական համագործակցության վերաբերյալ։
ՌԴ նախագահի խոսնակը նաև ասել է, որ այսօր Պուտինը նախատեսում է մեկնել տարածաշրջանային այցի։