Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագրեր են հղել Ղազախստանում զորավարժությունների ընթացքում միջադեպի հետևանքով զոհերի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի մասին։

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ղազախստանի բարեկամ ժողովրդին։

Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ ու տոկունություն։

Մաղթում եմ շուտափույթ ապաքինում վիրավորում ստացած զինծառայողին և հույս հայտնում, որ անհետ կորած զինծառայողները հնարավորինս շուտ և անվտանգ կհայտնաբերվեն»։

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է․

«ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Կասպից ծովի ղազախստանյան հատվածում Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի ռազմածովային ուժերի զորավարժությունների շրջանակում ուսումնամարտական խնդրի կատարման ընթացքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների մահվան։

Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին ու մտերիմներին՝ մաղթում եմ նրանց տոկունություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment