Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տվյալն իրացրին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների և Արագածոտնի մարզի պարեկների հետ։
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19․45-ին, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում իրավապահները կանգնեցրին Ջերմուկի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը դիմեց փախուստի։ Այդ ընթացքում մեքենայի ուղևորը՝ Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը, մեքենայից նետեց երկու փաթեթ։
Փախուստն, իհարկե, կարճ տևեց։ Երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ մեքենան կապարակնքվեց պահպանվող հատուկ տարածքում։
Քննչական գործողության արդյունքում պարզվեց, որ մեքենայից նետած փաթեթներում կար երկու կիլոգրամ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ։
Ձերբակալվածները հայտնեցին, որ մեքենայում մնացել է ևս մեկ կիլոգրամ մարիխուանա, ինչը խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց։
Երկուսն էլ կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է։