«Ապացուցիր, որ ուղտ չես» սկզբունքը չի կարող գործել․ ՀՀԿ փոխնախագահը պնդում է, որ իրեն ներկայացված մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջներին

«Որպես պաշտպանվող կողմ՝ մենք պետք է հասկանանք, թե մեղադրող կողմը ինչ տրամաբանական կամ անտրամաբանական, իրավական կամ այլ փորձագիտական հիմքերով է հերքում մեզ համար 100%-անոց փաստերն առ այն, որ ես և, օրինակ, Գագիկ Խաչատրյանը որևէ կապ երբեք չենք ունեցել: Նախ՝ դա ո՞նց են հերքում: Դա կարևոր է, չէ՞․ ձեզ համար էլ է կարևոր հասկանալ այս «հանցավոր համաձայնությունը»: Ինչ վերաբերում է ինձ, ես պիտի հասկանամ՝ ոնց են հերքում այն փաստը, որ դա գոյություն չունի, չի եղել այդ շփումը առհասարակ»,- իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը դատարանում հայտարարեց, որ նախորդ նիստից հետո է ստացել մեղադրական եզրակացությունը, ուսումնասիրել է այն և գտնում է, որ եզրակացությունը չի համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջներին։ Օրենքը պահանջում է, որ մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում վերլուծվեն ոչ միայն մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, այլև ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները, դրանց ստուգմանն ուղղված գործողությունները և այդ փաստարկները հերքող ապացույցները։ Աշոտյանը նշեց, որ իրեն փոխանցված փաստաթղթում ընդամենը ընդհանրական ձևակերպում է արված, թե ի պաշտպանություն բերված փաստարկները չեն հիմնավորվում այլ ապացույցներով: Նա ընդգծեց, որ եզրակացության մեջ բացակայում են պաշտպանական փաստարկների նկարագրությունը, դրանց ստուգման համար ձեռնարկված գործողություններն ու դրանք հերքող ապացույցները:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պաշտպան Ռուբեն Մելիքյանի պնդմամբ՝ մեղադրական եզրակացությունն ընդամենը տեխնիկական շարադրանք է՝ կապ չունի մարդու իրավունքների հետ։

Արմեն Աշոտյանը շարունակեց․ «Կամ, փաստ է, որ որոշումը կոլեգիալ է․ հարգելի դատախազությունը ինչպե՞ս է մեկնաբանում դա: Դա կարևոր է, որ մենք հասկանանք մեր պաշտպանական ստրատեգիան որն է: Դատախազությունը պետք է քարտերը բացի, չէ՞, բաց փուլը արդեն նախաքննությունը չէ․ պիտի ասի՝ «այ սրան չեմ հավատում, որովհետև, օրինակ, Խաչատրյան Գագիկի հետ Մայամիում կամ, չգիտեմ, Սվերդլովսկում հանդիպել են» կամ «կոլեգիալ որոշումը կապ չունի, որովհետև Աշոտյանը, պարզվում է, զանգել է բոլոր նախարարներին, խնդրել է, որ ընդունեն այդ որոշումը»: Մի բան պետք է տան, չէ՞, ես պիտի հասկանամ՝ ինչից եմ պաշտպանվում, որովհետև «ապացուցիր, որ ուղտ չես» սկզբունքը չի կարող գործել նման մեղադրական և պաշտպանական հարաբերություններում: Դա պետք է փաստ լինի, ես պիտի հասկանամ՝ ոնց են հերքում փաստերը, որպեսզի մեր թիմի հետ միասին կարողանանք պաշտպանվել: Սա բովանդակային հարց է, սա բացարձակապես տեխնիկական հարց չէ»։

Արմեն Աշոտյանի հաջորդ փաստարկը վերաբերում է դատախազության շտապողականությանը․ «Ինչո՞ւ են շտապել բերել այս մեղադրական եզրակացությունը: Խափանման միջոցի նախորդ դատական նիստին ունեին ժամկետ․ ինչո՞ւ են միջնորդել այս դատարանի ուրիշ դատավորի նախագահությամբ նախաքննության փուլում երկարացնել կալանքս, յոթ օր հետո բերել մեղադրական եզրակացություն: Կալանքը երկարացնելիս հարգելի քննիչն ասում է, որ հսկայական գործ ունի անելու՝ հարցաքննություններ, առերեսումներ, փորձաքննություններ, չգիտեմ ինչեր ունի անելու: Յոթ օր չանցած՝ բերել է մեղադրականը դատարան, այսինքն՝ իրենք ժամանակ ունեին, այնպես չէ, որ շտապելու խնդիր կար: Չէ՞ որ քննչական մարմինը հիմնավորում էր, որ ես դեռ երկու ամիս պետք է մնամ կալանքի տակ, որովհետև ինքը մեծ գործ ունի անելու: Բա ո՞ւր է այդ գործը․ այդ գործը անգամ ֆորմալ առումով առաջ չի գնացել: Այսինքն՝ խնդիրը, կներեք, այստեղ նաև քաղաքական է․ ակնհայտ է, որ անազատության միջնորդությունը արվել է ոչ թե գործի որակի, ապացուցողական բազայի կամ իրենց իրավական պարտականությունները կատարելու, այլ հերթական քաղաքական հետապնդման համար: Եվ դատարանին բերված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը․ քննչական մարմնի կողմից ընդամենը ժամանակ է շահվել այս 215 էջանոց թուղթը, կներեք, ստեղծելու համար, որովհետև օրենքի պահանջը բավարարված չէ:

Նորից կրկնեմ․ ինձ պետք է հասկանալ՝ ոնց են հերքում փաստերը, որ հասկանամ՝ ես ոնց եմ պաշտպանվում, որովհետև նման հարաբերություններում այլևս հանրային դաշտում մենք չունենք որևէ գաղտնիք: Օրինակ, եթե կա այդ 14 հատորանոց, այս ահռելի գործում, դա ապացուցո՞ւմ է, որ ես իրոք Գագիկ Խաչատրյանի հետ ինչ-որ հանցավոր կամ գոնե անձնական կապ եմ ունեցել: Դա ապացուցո՞ւմ է․ «պրոսլուշկա» են արել, հաստատ մեջը դրված է, թվային այդ բաներն էլ կան, զանգերի վերծանում են արել․․․ չկա այդ ամեն ինչը, ու այդպես լիքը բան: Փողերի լվացման մեղադրանք է․ մենք ասում ենք՝ այստեղ փողերի լվացման որևէ, անգամ ձևական ձևակերպում չկա և չի կարող լինել: Բա ես չիմանա՞մ՝ հարգելի դատախազությունն ինչի հիման վրա է մեղադրում: Այդ դեպքում նա պետք է բացի իր քարտերը իմ առջև, ձեր առջև, որովհետև այս թուղթը արդեն հասանելի է, հասնում է մարդկանց․ մարդիկ պետք է տեսնեն, չէ՞, ինչի հիման վրա է մեղադրանքը ներկայացված փողերի լվացման դեպքում»։

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ այն անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Ապացույցների հետազոտման փուլում, ըստ դատավորի, բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները։

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօրվա դատական նիստում դատարանը բաշխում է ապացուցման բեռը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Հիշեցնենք, այս գործով, ըստ մեղադրանքի՝ Արմեն Աշոտյանը 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ և զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի հանցակցությամբ, իբրև պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Գագիկ Խաչատրյանը 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը զբաղեցրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը։

Մեղադրանքի համաձայն՝ Աշոտյանի գործողությունների արդյունքում ՀՀ սեփականության ֆոնդից դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ 208.908.500 դրամ արժեքով, առանձնապես խոշոր չափերով՝ 451,1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը, և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ։ Բացի այդ, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից՝ այն նպատակային նշանակությամբ, այն է՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից։

Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում են հիշյալ ժամանակահատվածում համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը և պրոռեկտոր Արթուր Ավագյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment