Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ՌԴ և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում անդրադարձել է Հայաստանի հարաբերություններին ՌԴ և Թուրքիայի հետ:

Անդրադառնալով Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին՝ նա ասել է, որ դրանք այժմ տրանսֆորմացիայի փուլում են։ Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բնական փոփոխությունների են ենթարկվելու։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և սա բնական գործընթաց է, որովհետև նախորդ ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։

Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- ասել է վարչապետը։

Թուրքիայի պարագայում նա շեշտադրել է երկու երկրների միջև բարձր մակարդակով ընթացող երկխոսությունն ու կարգավորման գործընթացի առաջմղումը։

«Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի՝ նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է վարչապետը։

Նա խոսել է նաև Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ ՀՀ համար դրանք ունեն բացառիկ կարևորություն, որոնց հետ բարիդրացիությունը շարունակում է զարգանալ և խորանալ։

Leave a comment