Ռոմանտիզմի վերջը. ինչպես է ԵՄ-ն փոխում ընդլայնման կանոնները

ЕU Neighbours East. «Հատկանշական է, որ Ուկրաինան եւ Մոլդովան, չնայած իրենց անվտանգության առումով ծայրահեղ լարված իրավիճակին, հետամուտ են լինում մերձենալ ԵՄ-ին եւ, հետեւաբար, արդեն սկսել են բանակցություններն ու բացել առաջին կլաստերը»։

Սրանք Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) փոխտնօրեն Վեսելա Չերնեւայի խոսքերն են, եւ դրանք հնչում են հենց այն ժամանակ, երբ սկսվել է երկու երկրների՝ Եվրոպական միությանն (ԵՄ) անդամակցության շուրջ պաշտոնական բանակցային գործընթացը։

Սրանով ԵՄ-ն սկսեց իսկապես աշխարհաքաղաքական ընդլայնում՝ պայմանավորված ոչ միայն ընդհանուր արժեքների, ավելի մեծ շուկայի եւ ավելի ուժեղ ընդհանուր ինստիտուտների հետապնդմամբ, այլեւ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում աշխարհամասի անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Ուկրաինա. մարտերում կոփված ազգի ուղին հետխորհրդային աշխարհից դեպի ԵՄ

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի փոխտնօրենի խոսքով՝ ԵՄ-ի առաջիկա ընդլայնումն Ուկրաինան լուրջ եւ երկարատեւ շրջանակներում ինստիտուցիոնալ առումով ամրակայելու միակ միջոցն է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ դիրքորոշումը Դոնալդ Թրամփի եւ Ջո Բայդենի օրոք մնացել է հստակ. ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ուկրաինայի ներառմամբ անհնար է։

«Ներկայումս ԵՄ անդամակցությունն Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության համակարգերի ինտեգրման միակ միջոցն է։ Սա բոլորովին այլ քննարկում է, քան գլուխների, կլաստերների, սանիտարական չափորոշիչների եւ անդամակցության այլ պահանջների շուրջ բանակցությունները։ Մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների, ինչպես նաեւ Ուկրաինայից Եվրոպա ռազմական տեխնոլոգիաների փոխանցման եւ, ավելի լայն իմաստով, այն մասին, թե ինչպես կարող է Ուկրաինան, որն այժմ ունի Եվրոպայի ամենաուժեղ եւ մարտունակ բանակը, պաշտպանելով Եվրոպան՝ դառնալ եվրոպական անվտանգության շուրջ բանավեճի մաս», — ասում է նա։

Քաղաքագետ, պրոֆեսոր եւ Բուլղարիայի անկախ վերլուծական կենտրոնի՝ Տարածաշրջանային եւ միջազգային հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Օգնեն Մինչեւը նույնպես կարծում է, որ Ուկրաինայի կարեւորությունն էական է եւ որ նրա ինտեգրման հետ կապված հարցերը չափազանց բարդ են։

«Ուկրաինան ներկայումս ունի եվրոպական աշխարհամասում միակ իսկապես մարտունակ բանակը։ Արեւմտյան Եվրոպայի բանակներն ունեն շատ սահմանափակ անձնակազմ եւ մինչեւ վերջերս ստացել են չափազանց ցածր մակարդակի ֆինանսավորում։ Ռազմական անվտանգության մարտահրավերները լուծելու համար իրական ռեսուրսների, այդ թվում՝ զենքի բացակայությունը Ուկրաինային դարձնում է ավելի գրավիչ գործընկեր», — պնդում է նա։

Մինչ շատ փորձագետներ որպես ԵՄ անդամակցության հիմնական օգուտ մատնանշում են Եվրոպայում անվտանգության ապահովման գործում Ուկրաինայի ներդրումը, երկիրը կարող է նաեւ նպաստել այլ ոլորտներում զարգացմանը: Անկասկած, հսկայական ներուժ կա գյուղատնտեսության ոլորտում զարգացման ուղղությամբ: Երկիրն ունի հսկայական վարելահողեր եւ աշխարհի առաջատար հացահատիկային մշակաբույսերի արտադրողներից մեկն է, ինչպիսիք են ցորենը, եգիպտացորենը, գարին, բրինձը եւ այլն: Ուկրաինան այդ արտադրանքն արտահանում է երրորդ երկրներ, եւ ԵՄ անդամակցությունը կբարձրացնի Միության տնտեսական ազդեցությունը այս տարածաշրջաններում:

Ուկրաինայի անդամակցությունը կարող է նաեւ հանգեցնել տարբեր ոլորտների միջեւ համագործակցության եւ բերել մսի եւ կաթնամթերքի արտադրության աճի՝ հացահատիկային մշակաբույսերի արտադրության աճի հաշվին։

Գյուղատնտեսությունից զատ, Ուկրաինայի դեղագործական արդյունաբերությունը կարող է ԵՄ-ին հնարավորություն տալ նվազեցնել իր կախվածությունը Չինաստանից եւ տարբեր ասիական երկրներից ներմուծվող ջեներիկ դեղերից: Իր բարենպաստ կլիմայի շնորհիվ Ուկրաինան նաեւ զգալի ներուժ ունի վերականգնվող էներգիայի տարբեր ձեւեր զարգացնելու համար: Գալիումի, ռուտիլի, գրաֆիտի, մագնեզիումի հանքաքարի, լիթիումի եւ կանաչ անցման համար կարեւոր այլ հանքանյութերի հանքավայրերը կարող են նպաստել եվրոպական արտադրությանը եւ օգնել ԵՄ-ին մրցակցել Չինաստանի հետ:

Օգնեն Մինչեւի խոսքով՝ Ուկրաինայի ինտեգրումը լուրջ մարտահրավեր է, քանի որ այն վերաբերում է ինստիտուցիոնալ առումով թույլ, բայց խոշոր երկրի՝ կոռուպցիայի բարձր մակարդակով, վատ տնտեսական կազմակերպվածությամբ եւ հասարակական կյանքի գործունեության զգալի թերություններով։

«Ուկրաինան ստիպված է եղել վերափոխվել արդյունավետ մարտական ​​մեքենայի, սակայն մյուս առումներով այն մնում է հետխորհրդային հասարակություն՝ վերը նշված ոլորտներում լուրջ խնդիրներով։ Սա ԵՄ-ին նրա արագ ինտեգրումը դարձնում է չափազանց դժվար», — նշում է քաղաքագետը։

Մոլդովա. Եվրոպայի անվտանգության ճարտարապետության կարեւորագույն մասնիկը շարունակում է Ռուսաստանի ստվերի տակ պայքարը

«Մոլդովայի դեպքում կարելի է ասել, որ այն Սեւծովյան անվտանգության ավելի լայն դոմինոյի էֆեկտի փոքր, բայց նշանակալի տարր է, որը դառնում է ընդհանուր եվրոպական անվտանգության ավելի ու ավելի կարեւոր գործոն։ Դա պայմանավորված է նրանով, որ Կրեմլի ռեժիմի եւ Եվրոպայի միջեւ առճակատումը փաստացիորեն ծավալվում է Ուկրաինայի եւ Սեւծովյան տարածաշրջանի վրա ձեւավորվող նոր երկաթյա վարագույրի գծի երկայնքով», — ասում է Մինչեւը։

Չերնեւայի խոսքով՝ Մոլդովայի անդամակցությունը կարեւոր է նաեւ հենց այն պատճառով, որ երկիրը բուֆերային պետություն է, իսկ Ռուսաստանը ցույց է տվել, որ չի հանդուրժում բուֆերներ։

«Ռուսաստանը ձգտում է նվաճել եւ վերահսկել նման բուֆերային գոտիները։ Եթե Մոլդովան չի ցանկանում կիսել Բելառուսի կամ Վրաստանի ճակատագիրը, ապա պետք է արագ քայլեր ձեռնարկի եվրաինտեգրման ուղղությամբ», — ասում է նա։

Տարիներ շարունակ Մոլդովան Ռուսաստանի համար ծառայել է որպես հիբրիդային պատերազմի փորձադաշտ։ Եթե Արեւմտյան Եվրոպայի երկրները նոր են առերեսվում ռուսական հիբրիդային հարձակումների ամբողջ ներկապնակին, Մոլդովան արդեն տարիներ է ծախսել սեփական դիմակայունության եւ հակազդեցության միջոցների զարգացման վրա։ Երկիրը եվրոպական անվտանգությանը բերում է արժեքավոր փորձ, որը ձեռք է բերվել ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի եւ Կրեմլի կողմից իր ներքաղաքական գործընթացներին միջամտելու կրկնվող փորձերին դիմակայելու արդյունքում:

Այնուամենայնիվ, Մոլդովայի անդամակցությունը կունենա հետեւանքներ, որոնք կարող են դուրս գալ լոկ անվտանգությանը վերաբերող հարցերի շրջանակից։ Չնայած այն ունի շատ ավելի քիչ գյուղատնտեսական հողատարածք, քան Ուկրաինան, երկիրն ունի եվրոպական գյուղատնտեսական ոլորտում նշանակալի ներդրում ունենալու ներուժ։ Մոլդովան աստիճանաբար ինտեգրվում է ԵՄ միասնական շուկային՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) միջոցով։ Անցյալ տարի այն դարձավ Եվրոպական միության արեւածաղկի սերմերի ամենամեծ մատակարարը՝ ներմուծման ծավալի մեջ 57.5% մասնաբաժնով, մինչդեռ դեպի ԵՄ մրգերի արտահանումը նույնպես հասել է զգալի մակարդակի։ ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը մոլդովացի ֆերմերներին հնարավորություն կտա լիարժեք մասնակցել միասնական շուկային եւ նպաստել Եվրոպայի գյուղատնտեսական կարողությունների ընդլայնմանը։

Մոլդովան նաեւ ունի համեմատաբար բարձր որակավորում ունեցող աշխատուժ, որը կարող է օգնել մեղմել Եվրոպական միության մեծ մասում ժողովրդագրական անկման պատճառով առաջացած աշխատուժի պակասը: Նույնը վերաբերում է նաեւ Ուկրաինային: Քանի որ շատ անդամ պետություններ պայքարում են բնակչության կրճատման եւ ծերացման դեմ, երկու երկրների անդամակցությունը կարող է ապահովել խիստ անհրաժեշտ մարդկային կապիտալ եւ աջակցել տնտեսական մի շարք ոլորտներում աճին:

Ուկրաինայի եւ Մոլդովայի բնակչությունը միասին կազմում է ավելի քան 42 միլիոն մարդ։ Նրանց անդամակցությամբ Եվրոպական միության միասնական շուկան կընդլայնվի մինչեւ գրեթե 500 միլիոն սպառողի՝ մեծացնելով ոչ միայն դրա չափը, այլեւ գրավչությունը ներդրումների եւ երկարաժամկետ տնտեսական աճի համար։

Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցությունը հեշտ գործ չի լինի։ 21-րդ դարի սկզբից ի վեր Եվրոպական միությունն արդեն իսկ անցել է ընդլայնման իր ամենամեծ ալիքի միջով՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների անդամակցությամբ։ Քանի որ դաշինքն այժմ կանգնած է եւս մեկ պատմական ընդլայնման շեմին, այն պետք է գնահատի նախորդ ընդլայնումների ձեռքբերումները, բացթողումները եւ քաղած դասերը։ Այդ դասերը կարող են վճռորոշ լինել Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության ուղու ձեւավորման գործում։

Եվրոպական նախագծի սահմանների ընդլայնումը եւ դրա հաջողությունները

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ԵՄ-ին անդամակցությունը Սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայի զարգացման կարեւորագույն պահն էր։ Այս իրադարձությամբ նշանավորվեց այն պահը, երբ նախկին Արեւելյան բլոկի շատ պետություններ որոշեցին երես թեքել անցյալից եւ սկսել նոր քաղաքակրթական ուղի։

«2004 թվականի ընդլայնումը ապոթեոզն էր, վերամիավորման եվրոպական երազանքի վերջնական գագաթնակետը։ Մեր երկրների վերադարձը եվրոպական ընտանիք, որին նրանք միշտ պատկանել են մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պառակտվելը, կարծես թե ավարտեց այդ պատմական շրջափուլը», — ասում է Վեսելա Չերնեւան։

Չնայած գործընթացը զերծ չի եղել իր մարտահրավերներից, Չերնեւան պնդում է, որ դեպի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա ընդլայնմամբ Եվրոպական միությունը վերածվեց իսկապես ազդեցիկ համաշխարհային դերակատարի, որին աջակցում էր աշխարհի խոշորագույն միասնական շուկաներից մեկը։

Օգնյան Մինչեւը կիսում է այս գնահատականը՝ ընդգծելով ընդլայնման նշանակությունը ԵՄ աշխարհաքաղաքական կշռի տեսանկյունից՝ թե՛ այսօր, թե՛ առաջիկա տարիներին: Նրա կարծիքով, այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս համաշխարհային ուժի նոր կենտրոններ, Միության հաջորդական ընդլայնումները հնարավորություն են տվել Եվրոպային մնալ որպես ուժ, որը կարող է իր ազդեցությունը տարածել միջազգային ասպարեզում:

Խնդիրներ, դասեր եւ Օրբանի Հունգարիայի դարաշրջանը

Չերնեւայի խոսքով՝ 2004 եւ 2007 թվականների ընդլայնումները Եվրոպական միության համար «ռոմանտիկ պահ» էին։ Սակայն այսօր դրանք դիտարկվում են խառը զգացմունքներով, քանի որ դրանք նաեւ հանգեցրին այնպիսի մարտահրավերների, ինչպիսին է Հունգարիայի երկարամյա վարչապետ Վիկտոր Օրբանի վարած քաղաքական կուրսը, ով տարիներ շարունակ խոչընդոտներ է առաջցրել ԵՄ-ի համար:

«Ընդլայնումը նաեւ ավելի փոքր խնդիրներ առաջացրեց, ինչպիսիք են [Սլովակիայի վարչապետ Ռոբերտ] Ֆիցոն եւ [Սլովենիայի վարչապետ Յանեզ] Յանշան, որոնք պարբերաբար խաթարում են եվրոպական միասնությունը: Այն նաեւ հանգեցրեց կոռուպցիայի մեջ թաղված պետությունների առաջացման, ինչպիսիք են Բուլղարիան եւ Ռումինիան, որոնք մինչ օրս ոչ միայն չեն կարողացել պայքարել կոռուպցիայի դեմ, այլեւ անդամակցությունից առաջ եղածից ավելի խորը արմատներ են գցել այս օլիգարխիկ համակարգում», —ասում է Չերնեւան:

Նա նշում է, որ Միությանն անդամակցելու չափանիշներն այժմ շատ ավելի պահանջկոտ են, քան անցյալում՝ հենց նախորդ ընդլայնումների ընթացքում թույլ տրված որոշ սխալների պատճառով։ ԵՄ-ն նաեւ աշխատում է այնպիսի մեխանիզմների ուղղությամբ, որոնք թույլ կտան ընդհատել անդամակցության բանակցությունները, եթե թեկնածու երկիրը սկսի նահանջել ժողովրդավարական արժեքներից։

Չերնեւայի խոսքով՝ ԵՄ-ն մի քանի կարեւոր դասեր է քաղել 21-րդ դարի ընդլայնման երեք փուլերից եւ աստիճանաբար ներդնում է անցյալի սխալները կրկնելուց խուսափելու համար անհրաժեշտ մեխանիզմներ։

«Առաջին քաղած դասն այն է, որ անդամ պետությունը չպետք է կարողանա խաթարել իշխանությունների տարանջատումը՝ միաժամանակ խոչընդոտելով եվրոպական կարեւոր որոշումների կայացմանը: Սա այն մոտեցումն էր, որը Վիկտոր Օրբանն ընդունեց այն բանից հետո, երբ ԵՄ-ն սառեցրեց Հունգարիայի ֆինանսավորումը Վերականգնման եւ դիմակայունության գործիքի շրջանակներում», — բացատրում է Չերնեւան: Նա հավելում է, որ Միությանն անհրաժեշտ է արդյունավետ մեխանիզմ՝ արձագանքելու անդամ պետության ներսում ժողովրդավարության քայքայմանը, եւ կարծում է, որ դա ավելի ու ավելի հասանելի կդառնա ԵՄ բազմամյա ֆինանսական շրջանակի միջոցով:

«Մասնավորապես Օրբանի հետ կապված երկրորդ կարեւոր դասը վերաբերում է վետոյի իրավունքի չարաշահմանը: Աճում են քննարկումները որակյալ մեծամասնության քվեարկությունը նույնիսկ այնպիսի կարեւոր ոլորտներում տարածելու վերաբերյալ, ինչպիսիք են անվտանգությունն ու պաշտպանությունը», —ասում է նա:

Նրա կարծիքով, երրորդ հիմնական դասը վերաբերում է Միության՝ ճգնաժամերի ժամանակ կարեւորագույն որոշումների կաթվածահար լինելը կանխելու կարողությանը: Նրա խոսքով, դրան կհասնեն համախոհ երկրների կոալիցիաների միջոցով՝ հետեւելով «Կամավորների կոալիցիայի» մոդելին, որը, ամենայն հավանականությամբ, կդառնա եվրոպական քաղաքականության ավելի ու ավելի տարածված հատկանիշ:

Ճգնաժամերի ազդեցությունը

Վեսելա Չերնեւայի խոսքով՝ ԵՄ ընդլայնմանը ուղեկցող ամենալուրջ խնդիրները դրսեւորվում էին հենց Միության ներսում, մասնավորապես՝ նրանից, թե ինչպես էին նոր անդամ պետությունները կիրառում ԵՄ սեփական կանոնները: Օգնյան Մինչեւը, սակայն, պնդում է, որ հիմնական խոչընդոտը միջազգային խոշոր ճգնաժամերի շարքն էր, որը համընկավ ընդլայնման գործընթացի հետ:

Daniel Nicușor, Maia Sandu, Ursula von der Leyen, Olena Zelenska, from Left to right

Նրա կարծիքով, յուրաքանչյուր հաջորդ ընդլայնում սահմանափակում էր անդամ պետությունների աճող թվի շահերը ներդաշնակեցնող ընդհանուր որոշումներ կայացնելու հնարավորությունները, ինչը այդ շահերի արդյունավետ կառավարումը դարձնում էր ավելի մեծ մարտահրավեր։ Այս խնդիրն ավելի բարդ է դառնում, երբ այն ուղեկցվում է հաջորդական ճգնաժամերով։

Քաղաքական վերլուծաբանը նշում է, որ ԵՄ-ի 2004 թվականի շրջադարձային ընդլայնումը, որին հաջորդեց 2007 թվականին Բուլղարիայի եւ Ռումինիայի անդամակցությունը, շուտով ստվերվեց 2008-2010 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով։

«Եվրոպական միության համար սա նաեւ ճգնաժամ էր, որը վերաբերում էր իր ինստիտուցիոնալ ճարտարապետությանը, ընդհանուր ֆինանսներին, միասնական արժույթին՝ եվրոյին, ինչպես նաեւ նրան, թե ինչպես այն պետք է արձագանքեր Հունաստանի խորը ֆինանսական ճգնաժամին եւ Հարավային Եվրոպայի երկրների աճող պարտքի բեռին: Սա եւս մեկ գործընթաց էր, որը սրեց նոր անդամ պետությունների ինտեգրման դժվարությունները», — ասում է Մինչեւը:

Նա հավելում է, որ ԵՄ-ի էվոլյուցիան ձեւավորվել է նաեւ 21-րդ դարի երկրորդ տասնամյակի ընթացքում միջազգային կարգի վերափոխմամբ։

«Այսպես կոչված լիբերալ կոնսենսուսը, որը սահմանեց 1990-ականները եւ 21-րդ դարի առաջին տասնամյակը, աստիճանաբար իր տեղը զիջեց աշխարհաքաղաքական մրցակցության նոր դարաշրջանին», — նշում է նա։

Մինչեւի խոսքով՝ 1990-ականներին Եվրոպական միությունն իրեն համարում էր լիբերալ միջազգային կոնսենսուսի կողմնակիցների կողմից պատկերացված ապագա համաշխարհային կարգի նախատիպ։ Հենց սա է պատճառը, որ աշխարհաքաղաքական մրցակցության վերսկսումը՝ հենց այն ժամանակ, երբ Միությունն ընդլայնվում էր, առաջացրեց ներքին ինքնության խորը ճգնաժամ։

Ճգնաժամերը շարունակեցին խորանալ, եւ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամը դարձավ ԵՄ-ին երբեւէ հանդիպած ամենալուրջ փորձություններից մեկը։

«Մեկուկես միլիոն մարդ հատեց սահմանը հունական կղզիներից եւ ոտքով ճանապարհվեց Գերմանիա, Շվեդիա եւ այլ երկրներ։ Պարզ դարձավ, որ Եվրոպան խորը ինքնության ճգնաժամ է ապրում։ Այս նոր աշխարհում Եվրոպան այլեւս ապագա համաշխարհային կարգի համընդհանուր ընդունված մոդելը չէր, որին բոլորը ձգտում էին։ Այժմ այն ​​գործ ուներ վճռական հակառակորդների, թշնամական գործիչների եւ նույնիսկ բացահայտ թշնամիների հետ», — ասում է Մինչեւը։

Նրա գնահատմամբ՝ այս ինքնության ճգնաժամի մի մասը արտացոլվել է եվրոպական հասարակությունների եւ հաստատությունների աճող քաղաքական բեւեռացման մեջ՝ մրցակցող գաղափարախոսական տեսլականների շուրջ։ Աջակողմյան պոպուլիզմի աճը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծել եվրոպական նախագծի եւ դրա հիմքում ընկած արժեքների համար։

«Այս ամենը տեղի ունեցավ ընդլայնման գործընթացի դժվարությունների ֆոնին։ Եվ այս ամենը անխուսափելիորեն ազդում է ԵՄ ընդլայնման ապագա փուլերի հեռանկարների վրա», — եզրափակում է Մինչեւը։

Եթե Մինչեւը ճգնաժամերը դիտարկում է որպես ԵՄ ընդլայնման գործընթացի վրա լրացուցիչ բեռ, Չերնեւան դրանք համարում է «Եվրոպալան միության կողմից իր ինստիտուտներն ու քաղաքական գործիքները զարգացնելու եղանակներից մեկը»։

Այս անգամ, սակայն, երկու կողմերն էլ համաձայն են, որ դաշինքը բախվում է այն բանին, ինչը նրանք անվանում են «աշխարհաքաղաքական սպառնալիքով պայմանավորված անհետաձգելի ընդլայնում»։

Ուկրաինայի եւ Մոլդովայի ԵՄ-ին անդամակցելու հնարավոր ուղիները

Վեսելա Չերնեւայի խոսքով՝ հաշվի առնելով այս մարտահրավերներով լի միջավայրը՝ Ուկրաինայի ու Մոլդովայի, ինչպես նաեւ նրանց ԵՄ անդամակցության վրա սեւեռվելն ավելի հրատապ է դարձել, քան Արեւմտյան Բալկանների երկրների վրա սեւեռվելը, որոնք մինչեւ վերջերս գերակա դիրք էին զբաղեցնում ԵՄ ընդլայնման օրակարգում։

Նա կարծում է, որ երկու երկրներն էլ կարող են սկսել իրականացնել Եվրոպական հանձնաժողովի կողմից պահանջվող բոլոր միջոցառումներն ու օրենսդրական նախաձեռնությունները, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան միաժամանակ պատերազմ է մղում, իսկ Մոլդովան պաշտպանվում է հիբրիդային ճակատում։

Նրա կարծիքով, ընդլայնումը այնքան պարզ կամ այնքան լավատեսական գործընթաց չէ, որքան թվում էր անցյալում, եւ ամենամեծ ռիսկը կայանում է այդ ընդլայնմանն իրական պատրաստվածության բացակայության մեջ։

Մինչեւը պնդում է, որ այդ պատճառով երկու երկրների ինտեգրումը, հավանաբար, տեղի կունենա փուլերով, ինչը թույլ կտա Ուկրաինային՝ որպես եվրոպական անվտանգության հիմնական գործոն, աջակցություն ստանալ ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ հիմնարար չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ իր վերափոխման գործում։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի ներսում Միության ապագայի վերաբերյալ տարբեր միտումներ եւ տեսլականներ են ձեռք բերում, որոնցից մեկը տարբեր արագություններով ինտեգրման հայեցակարգն է։ Նա կարծում է, որ այս տեսակի տարբերակված ինտեգրումը, հավանաբար, կդառնա Եվրոպական միության ապագա զարգացման որոշիչ բնութագրիչներից մեկը։

Հեղինակներ՝ Դեսիսլավա Կոլեվա, Ռադոսլավ Ալեքսանդրով

Բնօրինակ հոդվածը բուլղարերենով հրապարակվել է Mediapool-ի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment