Այսօր Արցախի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի օրն է. 219 զոհ, 22 անհայտ ճակատագիր, բազմաթիվ վիրավորներ։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ունեցանք բազմաթիվ զոհեր և վիրավորներ, միևնույն ընտանիքից, զավակ, ծնող…
Այս աղետը տեղի ունեցավ Ադրբեջանի ռազմական հարձակման և Արցախի հայաթափման՝ էթնիկ զտման օրերին։
Երեք տարի է անցել այդ սարսափելի օրվանից
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում մարդիկ վառելիքի հերթում էին՝ Արցախից դուրս գալու ճանապարհին։ Նրանք սպասում էին իրենց հերթին՝ ճանապարհ ընկնելու դեպի փրկություն։ Բայց շատերի համար այդ ճանապարհը ավարտվեց հենց այդտեղ։
Հարյուրավոր մարդիկ հայտնվեցին պայթյունի ճիրաններում։ Մարդիկ զոհվեցին, ծանր վիրավորվեցին, ոմանք ողջ մնացին, բայց իրենց հետ բերեցին ցավ ու հիշողություններ, որոնցից հնարավոր չէ պարզապես փախչել։
Այդ օրը կյանքեր խլվեցին, ընտանիքներ կիսվեցին, ճակատագրեր մնացին անհայտ․․․
Զոհերի թվում էին նաև մարդիկ, որոնք վերադարձել էին մարտական դիրքերից։ Ժամկետային զինծառայողներ, տարիներ շարունակ պատերազմների ու մարտական գործողությունների միջով անցած նվիրյալներ, մարդիկ, որոնց համար հայրենիքի սահմանը պաշտպանելը պարզապես պարտականություն չէր, այլ կյանքի ամենաբարձր արժեքներից մեկը։
Եվ այսօր՝ երեք տարի անց, նրանց անունները չպետք է պարզապես մնան ցավալի հիշողության մեջ։
Այդ օրվա ողբերգությունը անհայտ թողեց նաև տասնյակ ճակատագրեր։
Մարդիկ, որոնց ճակատագրերի մասին ընտանիքները մինչև այսօր հստակ պատասխան չունեն։ Մայրեր, հայրեր, կանայք, երեխաներ, հարազատներ, որոնք երեք տարի անց էլ ապրում են սպասումով՝ մի զանգի, մի լուրի, մի պատասխանի ակնկալիքով։ Անորոշությունը մեծ ցավ է․․․
Ինչպե՞ս տեղի ունեցավ այդ պայթյունը։ Ովքե՞ր են պատասխանատու։ Եվ ինչո՞ւ երեք տարի անց այս հարցերի շուրջ դեռ կան այդքան անորոշություններ, իսկ տուժածների ընտանիքները չունեն որևէ կարգավիճակ։
Ժամանակը չի վերացնում այդ հարցերը։ Երեք տարին չի կարող փակել այն դատարկությունը, որը թողել է սեպտեմբերի 25-ը, ոչ էլ կարող է լռեցնել արդարության պահանջը։
Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնց կյանքը 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հետո փոխվեց անվերադարձ։
Աղբյուրը՝ aparaj.am