Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը պատկերված էր «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին։ Այն կարճ ժամանակում դարձել էր այն վայրերից մեկը, որ երբ մարդիկ այցելում էին «Հաղթանակ» զբոսայգի, նաև ծաղիկներ էին խոնարհում հերոսի նկարի առջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ, երբ հերթական անգամ այցելում են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկանում են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են գալիս, երբ հայտնաբերում են, որ պատի վրայից ջնջել են նկարը։ Եվ, հավանաբար, նկարը հեռացվել է սեպտեմբերի 21-ին, քանի որ սեպտեմբերի 20-ին այն դեռ կար։ Ով է նկարը հեռացրել, դեռևս հայտնի չէ, բայց շատերի մոտ կա կարծիք, որ նկարը հեռացվել է Երևանի քաղաքապետարանի կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի երիտասարդներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ցավալի է, որ նման լեգենդ դարձած հերոսների նկարները հեռացնում են։ Բայց ինչքան էլ հեռացնեն, միևնույն է, հո չեն կարող մեր սրտից, մեր հոգուց, մեր տներից էդ հերոս տղերքին ջնջել։ Պարզապես երևույթն է վատ։ Իսկ եթե կարդարանան, թե երևանցիների պահանջով են դա անում, որպեսզի քաղաքի արտաքին տեսքը մաքրվի, ապա դա արդարացում չէ։ Քաղաքի ամեն անկյունում պիտի շատ լավ էդ հերոս տղերքի նկարները լինեն, անգամ նրանց կատարած սխրագործությունների մասին ցուցանակեր՝ մի քանի լեզուներով»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2025 թ․ հոկտեմբերի 7-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի աջակողմյան հատվածում պատին նկարված, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի գունազարդ նկարի առջև կայանված, չշահագործվող ավտոմեքենայի մասին։ Ներկայացրել էինք հազարավոր քաղաքացիների խնդրանք-պահանջը, որպեսզի նշված ավտոմեքենան նկարի առջևից հեռացվի, քանի որ նկարի առջև մարդիկ հաճախ ծաղիկներ են խոնարհում։
Հրապարակումից ժամեր անց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի արագ արձագանքման շնորհիվ ավտոմեքենան հեռացվել էր նկարի առջևից, և առաջիկայում այնտեղ տեղադրվել էր արգելող շղթա, որպեսզի վարորդները, գոնե նկարի առջև, ավտոմեքենա չկայանեին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: