Երևանի Նոր Արեշ 42 փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում արդեն մեկ շաբաթ է՝ տիրում է լռություն, ցավ ու անօգնականություն։ 70-ամյա Ռուզաննա Խուրշուդյանը, ով ունի առողջական լուրջ խնդիրներ և գամված է անկողնուն, մնացել է մեն-մենակ։ Նրա միակ խնամողն ու հենարանը՝ 49-ամյա որդին՝ Արա Խուրշուդյանը, արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում է քրեակատարողական հիմնարկում։
Դեպքը սկիզբ էր առել 2024 թվականի փետրվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական վրաերթից, որն ունեցել էր մահվան ելք։ Վարորդը՝ Արա Խուրշուդյանը, օրերս տեղափոխվել է ՔԿՀ, քանի որ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։Սակայն օրենքի տառի իրագործման հետևում կանգնած է մարդկային ծանր ողբերգություն։ Տարեց ու ծանր հիվանդ մայրը չունի այլ ժառանգ կամ խնամող։ Արայի կալանավորումից հետո տիկին Ռուզաննան հայտնվել է անելանելի վիճակում. նա ի վիճակի չէ ինքնուրույն հոգալ անգամ իր տարրական կարիքները։Այս օրերին տարեց կնոջը հերթով այցելում են հարևանները, սակայն նրանք ևս անզոր են երկարատև լուծում տալու խնդրին։
«Ամեն անգամ չենք կարող կողքին լինել, իսկ կինը մշտական խնամքի և դեղորայքի կարիք ունի։ Արդեն եկել են կոմունալ վճարումները, չգիտենք՝ ով է վճարելու կամ ինչպես է ապրելու այս անօգնական մարդը»,- ցավով ու մտահոգությամբ պատմում են հարևանները։
Տեղի բնակիչներն ու հարևանները բաց նամակով և ահազանգով դիմում են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին և ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ խնդրելով հաշվի առնել ստեղծված ծայրահեղ մարդասիրական ճգնաժամը։ Նրանք հորդորում են պատկան մարմիններին դիտարկել Արայի պատժի կրման ձևը փոխելու հնարավորությունը (օրինակ՝ տնային կալանք կամ այլընտրանքային խափանման միջոց), որպեսզի որդին կարողանա տանը կրել պատիժն ու զուգահեռ խնամել անկողնուն գամված, անօգնական մորը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2024թ․ փետրվարի 8-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Արա Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Արգավանդի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա Իզաբելա Դ.-ին:Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետ փորձել էր հասնել հիվանդանոց, սակայն ճանապարհին իր տեսադաշտից շտապօգնության ավտոմեքենան կորցրել էր, ինչից հետո ճանապարհին նկատել էր պարեկներին, մոտեցել նրանց և հայտնել դեպքի մասին:Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: