Մեկնարկել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ամենամյա երրորդ միջազգային գիտաժողովը

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ մեկնարկել է ամենամյա երրորդ միջազգային գիտաժողովը, որը կրում է «Վերաերևակայելով միջազգային կարգը. գլոբալ կառավարման նոր ճարտարապետությունը հեգեմոնիայից անդին» խորագիրը:

Սեպտեմբերի 24-25-ը նախատեսված երկօրյա գիտաժողովի շրջանակում ԵՊՀ-ում համախմբվել են աշխարհի ավելի քան 20 երկրների առաջատար բուհերի, հետազոտական կենտրոնների և ուղեղային կենտրոնների ճանաչված ներկայացուցիչներ, առաջատար քաղաքագետներ ու միջազգայնագետներ: Միջոցառման նպատակն է քննարկել արդի աշխարհաքաղաքական փոխակերպումները, գլոբալ կառավարման ճգնաժամերը, ինչպես նաև միջազգային անվտանգության նոր մոդելների ձևավորման հեռանկարները:

Գիտաժողովի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը:

Նա իր խոսքում ընդգծել է միջազգային կարգի վերաերևակայման անհրաժեշտությունը, հատկապես Հայաստանից, ինչը թույլ է տալիս հասկանալ միջազգային կարգի հիմնախնդիրները աշխարհաքաղաքական կենտրոնների հայացքից անդին:

Անդրադառնալով Հայաստանի պատմաքաղաքական դերակատարմանը և աշխարհաքաղաքական յուրահատուկ դիրքին՝ Տիգրան Եփրեմյանն իր ելույթում նշել է. «Դարեր ի վեր Հայաստանը, գտնվելով տարբեր քաղաքակրթությունների ու կայսրությունների հատման խաչմերուկում, անտիկ ժամանակաշրջանից ի վեր ականատեսն ու մասնակիցն է եղել միջազգային կարգի ձևափոխմանն ու էվոլյուցիային: Իբրև փոքր պետություն, Հայաստանն ընձեռում է եզակի ակադեմիական և վերլուծական հարթակ՝ դուրս գալու ավանդական հեգեմոնիկ ընկալումներից, այլընտրանքային դիտանկյունից քննելու միջազգային կարգի կառուցվածքային մարտահրավերները և վերաիմաստավորելու գլոբալ կառավարման ճարտարապետությունը»:

Մասնակիցներին ողջունել է նաև ԵՊՀ Ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:

Գիտաժողովի լիագումար նիստի հիմնական զեկույցով հանդես է եկել Չինաստանի արտաքին գործերի համալսարանի նախագահ, պրոֆեսոր Գաո Ֆեյը:

Նա ներկայացրել է «Մարդկության ընդհանուր ապագայով համայնքի տեսլականով գլոբալ կառավարման բարելավման խթանումը» թեմայով ծավալուն գիտական վերլուծությունը:

Պրոֆեսոր Գաո Ֆեյն իր ելույթում անդրադարձել է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման առանձնահատկություններին, միջազգային համագործակցության նոր ձևաչափերին և գլոբալ մակարդակում փոխադարձ վստահության վերականգնման անհրաժեշտությանը:

Գիտաժողովի երկու օրերի ընթացքում նախատեսվում են թեմատիկ մասնաճյուղային քննարկումներ, որոնց շրջանակում մասնակիցները հանդես կգան զեկույցներով և ակտիվ երկխոսություն կծավալեն արդի միջազգային հարաբերությունների առանցքային հիմնախնդիրների շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment