Լեհաստանը ՌԴ-ին կասկածում է Starlink-ի կայանում բռնկված հրդեհին ներգրավվածության մեջ

Քաղաքականություն

24.09.2026 | 20:30

Չորեքշաբթի երեկոյան հրդեհ է բռնկվել Լեհաստանի կենտրոնական հատվածում գտնվող Starlink արբանյակային կապի ցամաքային կայանում, որը կապ է ապահովում տարածաշրջանում, այդ թվում՝ Ուկրաինայի հետ: Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Քշիշտոֆ Գավկովսկին՝ նշելով, որ ներկայում համակարգերն արդեն գործում են բնականոն ռեժիմով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հրդեհը տարածվել է էլեկտրակայանի և գեներատորի վրա։ Ակնհայտ է, որ այս դիվերսիան միտումնավոր է ծրագրված եղել՝ կայանը շարքից հանելու նպատակով, այսինքն՝ փաստացի ինտերնետային կապն ընդհատելու և տարբեր կառույցների, այդ թվում՝ ուկրաինացի զինվորականների՝ ցանցից օգտվելու հնարավորությունից զրկելու համար»,- պաշտոնյայի խոսքերն է վկայակոչում Reuters-ը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Լեհաստանը 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր դիվերսիաների հնարավորության հետ կապված գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Ռուսաստանը բազմիցս հերքել է նման գործողություններին իր մասնակցությունը։

«Թեև այսօր ամեն ինչ աշխատում է, մենք պետք է ընդունենք, ինչպես վերջերս նշել է վարչապետ [Դոնալդ] Տուսկը, որ սա հիբրիդային պատերազմի տարր է»,- հայտարարել է Գավկովսկին։

Նրա խոսքով՝ թեև դեռ ուղղակի ապացույցներ չեն ստացվել, որ հրդեհի համար պատասխանատու է Ռուսաստանը, «բազմաթիվ նշաններ վկայում են այն մասին, որ դա համապատասխանում է հարձակումներ իրականացնելու ռուսական նոր դոկտրինին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment