Քրեական հետապնդում է հարուցվել երկու քննիչի, ոստիկանության ծառայողի և ևս չորս անձի նկատմամբ

Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի երկու քննիչի, ոստիկանության ծառայողի և ևս չորս անձի նկատմամբ։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցության հիման վրա պարզվել է, որ 2026 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հարևանությամբ բնակվող քաղաքացու և նույն քննչական բաժնի երկու քննիչի միջև։

Քաղաքացուն հարվածներ հասցնելու՝ ծեծի ենթարկելու համար երկու քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։

Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ վերջինիս ազգականը՝ ոստիկանության ծառայողը, հանդիպել է քննիչների հետ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը վերաճել է խուլիգանության։

Դեպքի առթիվ ոստիկանության ծառայողի և նրա հետ գտնված ևս չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության աշխատակցին առերևույթ խոշտանգելու, ինչպես նաև քննիչներից մեկի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու առերևույթ հանցագործությունների դեպքերով նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր յոթ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը։

Նշենք, որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a comment