Եղբայր, քրոջ որդի, համագյուղացիներ. կանոնի դեմ կառուցված նվիրապետություն
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀԱՍԵ Կանոնագրքում ներառված Առաքելական կանոններն ուղղակիորեն արգելում են ազգակցական ձեռնադրությունները. «Եպիսկոպոսը չպէտք է եղբօրը կամ որդուն կամ ուրիշ ազգականին ի հաճոյս նրանց եպիսկոպոս ձեռնադրի… որովհետեւ եպիսկոպոսութիւնը եւ Աստուծոյ եկեղեցին ժառանգաբար յանձնել մէկին իրաւացի չէ։ Ով այդպէս կանի, ձեռնադրութիւնը կլինի անվաւեր»։ Չնայած այս հստակ արգելքին՝ այսօր հրապարակված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցում փաստագրված է, որ ՀԱՍԵ փաստացի պետն այս կանոնին հակառակ է գործել գահակալության առաջին իսկ ամիսներից։ Զեկույցում ներկայացվում են հետևյալ առանցքային փաստերը․ • Եղբոր նշանակումը. Ընտրվելուց անմիջապես հետո նա ազատեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին, որը թեմը ղեկավարել էր ավելի քան 25 տարի։ Նրա փոխարեն նշանակվեց փաստացի պետի եղբայրը՝ Եզրաս Ներսիսյանը, որն այդ ժամանակ աբեղա էր։ 2001 թ. նա եղբորը ձեռնադրեց եպիսկոպոս, իսկ նույն տարում կարգալույծ հռչակեց Կյուրեղյանին։ Այսօր Եզրաս արքեպիսկոպոսը ղեկավարում է Եկեղեցու ամենամեծ թեմը և ԳՀԽ անդամ է։ • Քրոջ որդու նշանակումը. 2010 թ. եպիսկոպոս ձեռնադրվեց և Արագածոտնի թեմի առաջնորդ նշանակվեց փաստացի պետի քրոջ որդին՝ Մկրտիչ Պռոշյանը։ 2025 թ. հոկտեմբերին նա կալանավորվեց քրեական գործով. մեղադրանքը վերաբերում է քաղաքացիներին հանրահավաքների մասնակցության հարկադրելուն։ • Համագյուղացիները. Փաստացի պետի ծննդավայրից՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից, շուրջ 20 անձ ձեռնադրվել է տարբեր աստիճանի հոգևորական։ Նրանց մի մասը զբաղեցնում է առանցքային պաշտոններ։ Օրինակ՝ Մայր Աթոռի դիվանապետը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդը, Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրենը և Վեհարանի նյութական պատասխանատուն։ Ամփոփելով փաստերը՝ զեկույցն արձանագրում է, որ ազգակցական ձեռնադրությունների և նշանակումների միջոցով Եկեղեցում ձևավորվել է կլանային կառավարման համակարգ։ Այս համակարգը փոխարինել է ժողովական կառավարման ավանդական ձևաչափին։ Խնդիրը պարզապես կադրային չէ, այլ կանոնական. զեկույցը վկայակոչում է Առաքելական կանոնը, որով նման ձեռնադրությունն անվավեր է։ Որպես հանգուցալուծում՝ զեկույցով առաջարկվող ՀԱՍԵ միասնական Կանոնադրության պարտադիր դրույթների թվում է ազգակցական ձեռնադրությունների և նշանակումների ուղղակի արգելքը։