ԱՄՆ-ի «աննկատ միլիոնատերերը» և նրանց ազդեցությունը երկրի տնտեսության վրա

Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է ամենահարուստ միլիարդատերերի վրա, ԱՄՆ-ում կա շատ ավելի մեծաթիվ, բայց պակաս հայտնի խումբ՝ «Մեյն սթրիթի միլիոնատերերը»։ Փրինսթոնի և Չիկագոյի համալսարանների պրոֆեսորներ Օուեն Զիդարի և Էրիկ Ցվիկի հետազոտության համաձայն՝ հենց այս խումբն է մեծապես մարմնավորում հարստությունն ու իշխանությունը ԱՄՆ-ում, հայտնում է Bloomberg-ը։

Bloomberg Billionaires Index-ում ընդգրկված գրեթե 200 ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը գնահատվում է շուրջ 7 տրլն դոլար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տվյալներով՝ առնվազն ևս 18 տրլն դոլար պատկանում է ամենահարուստ 0.1%-ի մյուս ներկայացուցիչներին։

ԱՄՆ-ում ամենահարուստ բնակչության 1%-ին բաժին է ընկնում ազգային հարստության գրեթե 32%-ը։ Ամենամեծ կապիտալը կենտրոնացած է ամենահարուստ 0,1%-ի մեջ մտնող շուրջ 136 հազար ընտանիքների ձեռքում, որոնց միջին կարողությունը գնահատվում է 184 մլն դոլար։

Հետազոտության համաձայն՝ հարստության հասնելու ամենատարածված ճանապարհը ոչ թե Սիլիկոնյան հովիտը կամ Ուոլ սթրիթն է, այլ մասնավոր բիզնեսը։ Հարուստ ամերիկացիները տիրապետում են իրավաբանական և խորհրդատվական ընկերությունների, բժշկական կլինիկաների, շինարարական ընկերությունների, ավտոսրահների, ռեստորանների և այլ ձեռնարկությունների։ Նման բիզնեսի տիպիկ սեփականատերը 62 տարեկան է, իսկ մասնավոր բիզնեսում կենտրոնացած կապիտալի կեսը պատկանում է բեյբի բումերների սերնդին։

Զիդարի և Ցվիկի գնահատմամբ՝ այս միլիոնատերերի ազդեցությունը նպաստել է հարկային համակարգի ձևավորմանը, որը բիզնեսի սեփականատերերին առավելություններ է տալիս վարձու աշխատողների նկատմամբ՝ եկամտահարկից մինչև ժառանգության փոխանցման հարկումը։

Հեղինակները նշում են, որ չնայած սոցիալական շարժունակության նվազմանը՝ «ամերիկյան երազանքը չի մահացել», և համառ աշխատանքը դեռևս հնարավորություն է տալիս հարստանալ։ Միաժամանակ նրանք կարծում են, որ այս խումբը պետք է ավելի մեծ ներդրում ունենա երկրի զարգացման գործում։

Հետազոտության համաձայն՝ տասնամյակների գնաճի և կենսաթոշակային համակարգի փոփոխությունների հետևանքով ԱՄՆ-ում միլիոնատեր դառնալն այլևս անհասանելի նպատակ չի համարվում, իսկ ապահով կենսաթոշակի համար շատ ամերիկացիների անհրաժեշտ է առնվազն յոթանիշ կարողություն։

Leave a comment