Որպես Արշակ Սրբազանի փաստաբան, պաշտոնապես հայտարարում եմ՝ վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծիք

Փաստաբան Արսեն Բաբայանը ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցու մասին պատրաստված «զեկույցն» ակնհայտ կեղծիքի վրա է հիմնված․ 

«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 74 էջանոց զեկույց՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» վերնագրով։

Զեկույցից պարզ է դառնում, որ քաղաքական իշխանությունը չի հրաժարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու գործելակերպից։ Ընդ որում՝ խոսքը մի պնդման մասին է, որը վաղուց հերքվել է երեք միջազգային փորձաքննություններով, իսկ դրանց եզրակացությունները հրապարակվել և հասանելի են դարձել հանրությանը։

Զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ, մասնավորապես, նշված է․

«(…) Արշակ արք. Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերի տարածումը, որտեղ, ըստ աղբյուրի պնդման, արքեպիսկոպոսը սեռական կապ է ունենում իր ազգականի հետ։ Չնայած արքեպիսկոպոսի կողմից հերքմանը՝ ՀՀ քննչական կոմիտեն փորձաքննության է ենթարկել տեսանյութերը, ինչի արդյունքում հաստատվել է տեսանյութերի իսկությունը»։

Հայտնի կեղծ տեսանյութերի առնչությամբ իրականացվող քրեական վարույթով, որպես Արշակ Սրբազանի փաստաբան, պաշտոնապես հայտարարում եմ՝ վարչապետի հանձնարարությամբ հրապարակված այս զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն։

ՀՀ քննչական կոմիտեի կողմից չի նշանակվել և չի կատարվել որևէ այնպիսի փորձաքննություն, որի արդյունքում հաստատված լինի հրապարակված տեսանյութերի իսկությունը։

Ավելին՝ ճիշտ հակառակը։

Մեր նախաձեռնությամբ նշանակվել և իրականացվել են երեք միջազգային փորձաքննություններ, որոնց եզրակացություններով հստակ և միանշանակ հաստատվել է՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը ԿԵՂԾ ԵՆ։

Հետևաբար, պետական մարմնի կողմից պաշտոնական զեկույցում նման պնդման ներառումը ոչ թե պարզապես փաստական սխալ է, այլ արդեն իսկ հերքված տեղեկության կրկնակի տարածում՝ օգտագործելով պետական պաշտոնական խողովակը»։

Leave a comment