Պապիկյանը ստուգայցերով եղել է ՊՆ զորամասերում (PAN.am)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են։

Սեպտեմբերի 23-ին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ N զորամասում ուսումնական տագնապ է հայտարարել։ Դրա ընթացքում նա հետևել է անձնակազմի գործողություններին, ստուգել ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և սահմանված ժամկետում առաջադրված խնդիրների կատարման ընթացքը։

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև հանրապետության մարզերից մեկում կառուցվող ամրացված շրջան, որը շուտով պատրաստ է լինելու շահագործման հանձնվելուն։

Ստուգայցերի ընթացքում նախարարը ծանոթացել է զորամասերում նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքների ընթացքին և հետևել զինծառայողների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին։

Պապիկյանը հանդիպել ու զրուցել է նաև 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների հետ։ Նա հետաքրքրվել է նրանց ծառայության պայմաններով, առօրյայով և պատրաստության ընթացքով։

Նախարարն առանձնազրույց է ունեցել նաև կարգապահական տարբեր խախտումներ թույլ տված զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը նրանցից պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը և հետագայում աչքի ընկնել միայն օրինակելի ծառայությամբ։

Leave a comment