Երևանի մի շարք հատվածներում ծորակներից պղտոր ջուր է հոսել, մինչդեռ Երևանում և երեք մարզերում ջրատարի վթարի հետևանքով ջրամատակարարումը կատարվելու է ժամանակացույցի խախտումներով։
Տրամադրված կադրերն արվել են Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան 52 շենքի բնակարաններից մեկում, հայտնում է Sputnik Արմենիան:
Լրատվամիջոցի թղթակիցը հայտնել է, որ նման խնդիր է արձանագրվել նաև Արաբկիր վարչական շրջանում, որտեղ ծորակներից և ցայտաղբյուրներից կեղտոտ ջուր է հոսել։
Օգտատերերն արդեն մի քանի օր ահազանգում են աղտոտված ջրի մասին՝ սոցիալական ցանցերում հրապարակելով նաև լուսանկարներ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը սեպտեմբերի 23-ի երեկոյան հայտնել է, որ վթարվել է «Արզական–Քանաքեռ–Զովունի» մայրուղային ջրատարը, ինչի պատճառով Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում ջրանջատում է հայտարարվել։
Միաժամանակ ընկերությունը հավաստիացրել է, որ նշված տարածքներում ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել, և խնդրել է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։
«Վեոլիա Ջուրը» նոր հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ վթարային ջրանջատման հասցեներում ջրամատակարարումն իրականացվելու է ժամանակացույցի խախտումներով։
Բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի վթարն ամբողջությամբ վերացնելուց հետո։