Հայաստանը չի պատրաստվում կախված լինել մեկ խողովակից․ Ալեն Սիմոնյանը՝ գազի գնի մասին

«Մենք պատրաստ չենք և այլևս կախված չենք լինելու 1 խողովակից, 1 ասեղից, 1 քմահաճույքից և 1 ճնշման կոճակից», – հայտարարել է Սիմոնյանը


ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը չի պատրաստվում այլևս կախված լինել մեկ խողովակից և շարունակելու է դիվերսիֆիկացման գործընթացը, հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։


«Վարչապետն էլ ասել է, որ մենք պատրաստ չենք և այլևս կախված չենք լինելու 1 խողովակից, 1 ասեղից, 1 քմահաճույքից և 1 ճնշման կոճակից և անելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր տնտեսության ճյուղերում այդ դիվերսիֆիկացման գործընթացը», – ասաց Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում։


Անդրադառնալով գազի հնարավոր դադարեցման վերաբերյալ մամուլում տարածված տեղեկություններին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ նման տեղեկություն չունի։


«Բայց մենք ասել ենք և մնալու ենք այդ դիրքորոշմանը. մենք սահմանակից 4 երկիր ունենք։ Եթե 5-րդ երկիրն էլ տրանզիտով մեզ գազ փոխանցելու առաջարկ անի, այդ առաջարկը կքննարկենք», – հայտարարեց նա։


Խոսելով գազի գնի փոփոխության հնարավոր սցենարների և այդ հարցում Ռուսաստանի հետ հնարավոր պայմանավորվածությունների մասին՝ Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը չի ցանկանում պայմանավորվել գազի գնի բարձրացման շուրջ։


«Մենք չենք ուզում պայմանավորվել, որ գազի գինը բարձրանա։ Մենք տենց միտք չունենք։ Դա նույնպես գին է։ Միգուցե դոլարային գին չէ, բայց գազի գին ասելիս չգիտես, թե ինչու բոլորը պատկերացնում են դոլարային։ Դա նաև քաղաքական գին է իր մեջ ներառում», – ասաց նա։


Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է գազի թեման օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ Սիմոնյանը նշեց, որ Հայաստանն անկախ երկիր է, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ընտրությամբ։


«Հայաստանը չունի կոնֆլիկտ, որը կօգտագործվի ՀՀ-ում քաղաքական պրոցեսներ գեներացնելու կամ քաղաքական պրոցեսները ցանկացած ուղղությամբ տանելու համար։ ՀՀ-ն իր սուվերենությունը պահպանելու է», – հայտարարել է Սիմոնյանը։

Leave a comment