Սիմոնյանը՝ գազի գնի մասին․ Այլևս պատրաստ չենք լինելու կախված լինել մեկ խողովակից

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացման շուրջ քննարկումներին՝ նշելով, որ ՀՀ-ն այլևս պատրաստ չի լինելու կախված լինել մեկ խողովակից:

Նա պատասխանել է այն հարցին, թե Հայաստանի իշխանությունն ինչ քայլեր կձեռնարկի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել գազի սակագինը, հայտնում է Արմենպրեսը:

«Մենք ասել ենք և մնալու ենք այն դիրքորոշմանը, որ մենք 4 սահմանակից երկիր ունենք և, եթե 5-րդ երկիրն էլ տրանզիտով մեզ գազ փոխանցելու առաջարկ անի, մենք այդ առաջարկը քննարկելու ենք: Գազի գինը նաև քաղաքական գին է ներառում, մենք պատրաստ չենք և այլևս պատրաստ չենք լինելու կախված լինել մեկ խողովակից, մեկ ճնշման կոճակից և անելու ենք Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերի դիվերսիֆիկացման գործընթացը»,- ասել է Սիմոնյանը:

ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ընտրության միջոցով։ Նրա խոսքով՝ երկիրը չունի հակամարտություն, որը կարող է օգտագործվել Հայաստանում քաղաքական գործընթացներ գեներացնելու կամ դրանք որևէ ուղղությամբ տանելու նպատակով։

«Հայաստանի Հանրապետությունն իր սուվերենությունը պահպանելու է: Ռուսաստանի Դաշնության գործընկերներն էլ մշտապես ասում են, որ դա ձեր սուվերեն որոշման իրավունքն է: Հայաստանի Հանրապետությունն իր շահերը չի զիջել և չի զիջելու»,- նշել է նա:

Հայաստանում սպառողները ներկայում մեկ խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 143․7 դրամ։ Սոցիալապես անապահով խմբերի համար գործում է սուբսիդավորված՝ 100 դրամ սակագին։Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։

Leave a comment