Հեռակա վեճ ընդդիմադիր դաշտում․ Թաթոյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի հայտարարություններին

Ընդդիմադիր քաղաքական դաշտում նոր լարվածություն է նկատվում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններին հաջորդել է «Միասնության թևեր» շարժման ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի կոշտ արձագանքը։

Սամվել Կարապետյանը 24news-ին տված հարցազրույցում, առանց որևէ կոնկրետ անուն նշելու, քննադատության սլաքներն ուղղել էր ընդդիմադիր որոշ ուժերի կողմը։ Նրա խոսքով՝ այդ քաղաքական միավորները իրենց «սև գործն» արեցին և, ըստ էության, նպաստեցին գործող իշխանությունների դիրքերի ամրապնդմանը։ Կարապետյանը նաև հայտարարել էր, թե քննադատող ընդդիմադիրները պետք է հաշիվ տան իրենց, թե ինչու օգնեցին Փաշինյանին։

Այս հայտարարություններին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական ձախողումների ու սխալների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս։ Թաթոյանի գնահատմամբ՝ չհիմնավորված նեղացվածությունը չի կարող փոխարինել ինքնավերլուծությանը, իսկ հարցերը միակողմանի ներկայացնելն ու իրական պատկերը շրջանցելը հեռանկար չունեցող և վտանգավոր մոտեցում է։

Նախկին ՄԻՊ-ը նաև շեշտել է, որ իրենց շարժումը միշտ պատրաստ է եղել համախմբման, եթե այն ուղղված է երկրի առջև ծառացած խնդիրների իրական լուծմանը։ Նա նշել է, որ ընդդիմության և հասարակության միջև բաժանարար գծեր ստեղծելու փոխարեն պետք է վերացնել դրանք։ Թաթոյանը հավելել է, որ վերջին ամիսներին իրենք կենտրոնացած են եղել գործնական աշխատանքի վրա․ իրականացրել են նոր փաստահավաք աշխատանքներ սահմանամերձ բնակավայրերում, պատրաստել են մի քանի տասնյակ գործեր Հայաստանի տարածքների օկուպացիայի վերաբերյալ և դիմում են միջազգային կառույցներին։

Ստեղծված իրավիճակին արձագանքել է նաև քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նրա դիտարկմամբ՝ Սամվել Կարապետյանի ակնարկն ուղղված էր հենց Արման Թաթոյանին և նրա անձնական հավակնություններին, որոնք, ըստ Կարապետյանի, խոչընդոտել են միավորմանը։ Բադալյանի համոզմամբ՝ այս օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում միասնական ընդդիմություն ստեղծելու բանաձևը մեթոդապես սխալ է, քանի որ այդ միասնությունը ցանկացած պահի կարող է փլուզվել։ Ըստ վերլուծաբանի՝ պետք է հրաժարվել միասնական ընդդիմություն կոնցեպտից և քաղաքական հաջողության հիմքը տեսնել հասարակության հետ բովանդակային երկխոսության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment