Արտահանողներին օգոստոսի համար կառաջարկվի 4․59 մլրդ դրամ աջակցություն (PAN.am)

Կառավարությունը հավանություն է տվել բյուջետային փոփոխություններին վերաբերող նախագծին, որով միջոցներ են հատկացվելու Էկոնոմիկայի նախարարությանը՝ արտահանողներին աջակցելու նպատակով։ Նիստը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այս ծրագրով օգոստոսի համար որպես աջակցություն առաջարկվում է արտահանողներին փոխհատուցել 4 մլրդ 590 մլն դրամ: Այդ մասին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Այս նախագիծը շարունակությունն է այն քաղաքականության, որը մենք սկսել ենք, մասնավորապես՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ենք ցույց տալիս, երբ որ, օրինակ, ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ են արտահանում՝ թարմ պտուղ, սննդամթերք, խմիչքի առանձին տեսակներ, կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառումներ ենք իրականացնում»,- նշել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Նախարարի խոսքով՝ իրականացվող միջոցառումների արդյունքում նախորդ տարվա համեմատ արտահանման ցուցանիշների մեծ տարբերություն չի արձանագրվել։

«Այս միջոցառման արդյունքում, ըստ էության, կարող ենք ասել, որ շատ մեծ տարբերություն մենք չունենք նախորդ տարվա համեմատ: Եթե նախորդ տարի մոտ 990 մլն դոլարի ապրանք էինք արտահանել մինչև օգոստոսը ներառյալ, ապա այս տարի 943 մլն դոլար. տարբերությունը մոտ 5 տոկոս է: Սա ես համարում եմ ոչ վատ ցուցանիշ՝ հաշվի առնելով, թե ինչպիսի սահմանափակումներ կան հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման վրա, և նաև, երբ որ նայում ենք մեր արտահանման թվերը, տեսնում ենք, որ, ասենք, ծագման արտադրանքի արտահանումը, օրինակ, նույն ԱՄԷ, այս տարի արդեն գերազանցում է 45 տոկոսը՝ մոտ 46 տոկոս է աճը նախորդ տարվա համեմատ:

Հնդկաստան արտահանումը 2.1 անգամ է ավելացել, մոտ 70 տոկոսի շրջակայքում ԵՄ արտահանումն է ավելացել, այլ ուղղություններով ևս ունենք էական աճեր, և, բնականաբար, նաև սահմանափակումների շրջանակում միակ ուղղությունը, որտեղ էական անկում ունենք հայկական արտադրանքի, դա Եվրասիական միության շուկան է: Մնացած մասով դիվերսիֆիկացիան բավականին ակտիվ ընթանում է»,- ասել է Պապոյանը:

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Դրանից առաջ սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից արտահանվող մի շարք բանջարեղենային մշակաբույսերի նկատմամբ։ Ռուսաստանը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։

Leave a comment