Ղազախստանում զորավարժությունների ժամանակ ջուրը քշել է 19 զինծառայողների․ նրանցից 9-ը զոհվել են

Քաղաքականություն

24.09.2026 | 15:02

Սեպտեմբերի 24-ին Ղազախստանի Մանգիստաու շրջանում, Զինված ուժերի ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ, Կասպից ծովի ափին ուսումնական-մարտական առաջադրանք կատարելիս, օդերևութաբանական պայմանների կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման հետևանքով զինծառայողներին ծովը քշել է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ծովը քշել է 19 զինծառայողի։

«Այս պահին հաստատվել է 9 զինծառայողի մահը։ 3 զինծառայող փրկվել է, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ փրկարարական ծառայություններն անմիջապես ուղարկվել են դեպքի վայր։

Ղազախստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ որոնողական-փրկարարական գործողություններին մասնակցում են Ռազմածովային ուժերի, Արտակարգ իրավիճակների նախարարության, ավիացիայի և այլ համապատասխան ծառայությունների ստորաբաժանումներ։

«Պաշտպանության նախարարության հանձնաժողովը, որը գլխավորում էր պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովը, շտապ ուղարկվել է դեպքի վայր՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու և որոնողական-փրկարարական աշխատանքները համակարգելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և ընկերներին,խոստացել  զոհվածների ընտանիքներին տրամադրել անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը։

Նշվում է, որ որոնողական գործողությունների ընթացքի և զինծառայողների վիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն տեղեկատվության ստացման և հաստատման հետ մեկտեղ։ Սեպտեմբերի 22-ին Ղազախստանի ՊՆ-ն հայտնել էր, որ Կասպից ծովի  ղազախական հատվածում մեկնարկել են «Хазар қорғаны-2026» զորավարժությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment