Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան ընդգրկվել է երկու երկրների ընթացիկ տարվա ծրագրերում, սակայն ուղևորության կոնկրետ կոնկրետ մանրամասները դեռևս համաձայնեցված չեն, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին APRI Forum 2026-ի շրջանակում, հայտնում է Sputnik Արմենիան:
Դեռ փետրվարին տեղեկություն էր տարածվել, որ Երևանն ու Թեհրանը մտադիր են ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ ստորագրել։ Նախատեսվում էր, որ դա կարող է տեղի ունենալ 2026 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան այցի ժամանակ։
«Մենք դեռ չենք անցել մանրամասների համաձայնեցմանը, սա մեր ունեցած ընդհանուր ծրագիրն է։ Մենք պետք է հայ պաշտոնյաների հետ միասին աշխատենք, այդ թվում՝ դրա իրականացման ուղղությամբ»,- ասել է դիվանագետը։
Շիրղոլամին նշել է նաև, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրմամբ հնարավոր կլինի ինստիտուցիոնալացնել երկկողմ համագործակցությունը և հստակեցնել դրա հիմնական ուղղությունները։
Դեսպանի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, իսկ երկու կողմերը ջանքեր են գործադրում, որպեսզի մոտ ապագայում փաստաթուղթը ստորագրվի։
Անդրադառնալով Քաջարանի թունելի կառուցմանը՝ դիվանագետը տեղեկացրել է, որ իրանական ընկերությունն արդեն սկսել է աշխատանքների նախնական փուլը։ Շիրղոլամին հույս է հայտնել, որ իրանական ընկերության հնարավորություններն ու ներուժը հաշվի առնելով՝ նախագիծը հնարավոր կլինի ավարտել անգամ նախատեսված ժամկետից շուտ։
Խոսքը Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախատեսված 7,2 կիլոմետր երկարությամբ թունելի մասին է։ Այն դառնալու է Հայաստանի ամենաերկար թունելը՝ մինչև 8,6 կիլոմետրանոց Բարգուշատի թունելի կառուցումը։