Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս մասնակցել է ԱՄՆ կառավարության կազմակերպած՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և TRIPP-ում» խորագրով միջոցառմանը։
Քննարկմանը մասնակցել են նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը։ Միջոցառմանը մասնակցել է նաև խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են խաղաղության և տարածաշրջանային կապակցվածության օրակարգին, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո արձանագրված կարևոր ձեռքբերումներին։
Իր ելույթում Միրզոյանն ընդգծել է ԱՄՆ վճռական ներգրավվածությամբ օգոստոսի 8-ին կայացած խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանային ապաշրջափակման տեսանկյունից։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է, թե գետնի վրա խաղաղության առկայությամբ պայմանավորված ինչ շոշափելի փոփոխություններ են արձանագրվել քաղաքացիների համար։ Նա անդրադարձել է նաև խաղաղության հաստատումից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցած դրական զարգացումներին։
Նախարարն ընդգծել է TRIPP-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների և միջտարածաշրջանային փոխկապակցվածության արդյունավետ զարգացման համար։ Նա նաև գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ ձեռք բերված շոշափելի և կոնկրետ հաջողությունները։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամում ֆինանսական ներդրումների հնարավորությունները։ Քննարկումներին մասնակցել են Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ: Նշվում է, որ համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։