Ղազախստանի ռազմածովային ուժերի կողմից Մանգիստաուի մարզում՝ Կասպից ծովի ափին անցկացվող զորավարժությունների ընթացքում ինը զինծառայող է զոհվել։ Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով, նախնական տեղեկությունների համաձայն՝ եղանակային պայմանների կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման հետևանքով 19 մարդ է տարվել դեպի բաց ծով։
Փրկվել է երեք զինծառայող, որոնցից մեկը հոսպիտալացվել է։ Մնացած յոթ անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործողությանը մասնակցում են ռազմածովային ուժերի և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, ավիացիոն միջոցները և այլ ծառայություններ։
Միջադեպը տեղի է ունեցել մարտական պատրաստության առաջադրանքի կատարման ընթացքում։ Մանգիստաուի մարզ է ուղարկվել Պաշտպանության նախարարության հանձնաժողովը՝ Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ (ավիացիայի) Դաուրեն Կոսանովի գլխավորությամբ, որը պետք է պարզի միջադեպի հանգամանքները և համակարգի որոնողափրկարարական աշխատանքները։