Խելքի պետք է բերենք էլեկտրոնային շտեմարանի տվյալները. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.09.2026 | 13:29

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում այս պահին ընդգրկված է 1 մլն 815 հազար քաղաքացի, որոնցից շուրջ 850 հազարը՝ մոտ 50%-ը, արդեն օգտվել է ապահովագրությամբ նախատեսված որևէ բժշկական ծառայությունից կամ դեղորայքից։

Կառավարության նիստում առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Խարազյանը հայտնել է, որ բժշկական կազմակերպությունների և դեղատների կողմից ներկայացված փոխհատուցման ընդհանուր ծավալը գերազանցում է 150 մլրդ դրամը։ Նրա խոսքով՝ այդ գումարը, ներառյալ օգոստոսի կատարողականները, ամբողջությամբ փոխհատուցվել են։

Խարազյանի խոսքով՝ տարեվերջին ծախսերի ծավալը կարող է 200 մլրդ դրամից մի փոքր ավելի լինել, սակայն 2026 թվականի ապահովագրության հիմնադրամի բյուջեով նախատեսված եկամուտներից և ծախսերից շեղում չի կանխատեսվում։

Նա նաև նշել է, որ տարեսկզբին որոշ բժիշկների մոտ հերթագրումները հասնում էին 2-3 ամսվա, իսկ այժմ առավելագույնը 1-2 շաբաթ են։ Ավելի երկար հերթեր շարունակում են լինել որոշ նեղ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ սրտային վիրաբուժության, ստենտավորման և առանձին օրթոպեդիկ վիրահատությունների դեպքում։

Կառավարությունում քննարկվել է նաև ապահովագրության շահառուների ռեզիդենտության որոշման խնդիրը։ Նշվել է, որ երկքաղաքացիություն ունեցող անձանց դեպքում տարբեր անձնագրերով սահմանը հատելը կարող է խնդիրներ առաջացնել ռեզիդենտության ավտոմատ որոշման հարցում։ Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ խնդրի լիարժեք լուծման համար անհրաժեշտ է նաև բիոմետրիկ նույնականացում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանձնարարել է շարունակել աշխատանքը՝ ապահովագրության համակարգի համար ռեզիդենտների տվյալների բազան ճշգրտելու ուղղությամբ։

Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

Leave a comment