ԱՄՆ-ում գործող մի շարք հայկական ուսանողական կազմակերպություններ սուր քննադատության են ենթարկել Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի և Համահայկական ուսանողական ասոցիացիայի (All-ASA) միջև կայացած փակ հանդիպումը։ Նրանք հայտարարել են, որ միջոցառումը որևէ կերպ չի արտացոլում իրենց դիրքորոշումը։
All-ASA-ի հիմնադիրներից մեկը՝ ՀՅԴ «Շանթ» ուսանողական ասոցիացիան, նշել է, որ հանդիպման վայրը նախապես հայտնի չի եղել, մասնակիցների շրջանակը խիստ սահմանափակվել է, իսկ հարցերը նախապես համաձայնեցվել են։ «Նրանք ցանկանում են լուսանկարներով տպավորություն ստեղծել, թե համայնքն աջակցում է իրենց։ Պետք չէ ուսանողներին տեղադրել տեսանյութի ետնաֆոնում և տպավորություն ստեղծել, թե իբր մենք ընդունել ենք տեղի ունեցածը կամ աջակցում ենք կառավարության այսօրվա գործողություններին»,- ընդգծել են կազմակերպությունում։
Հանդիպման կազմակերպումից տարանջատվել են նաև Փենսիլվանիայի պետական համալսարանի (Penn State ASA), Ռատգերսի համալսարանի (RASA) ուսանողական միությունները և Կոլումբիայի համալսարանի հայկական ընկերակցությունը։ Նրանք շեշտել են, որ All-ASA-ի գործողություններն ու հայտարարությունները չեն ներկայացնում իրենց կառույցներն ու անդամներին։ «301» պարբերականի փոխանցմամբ՝ տարաձայնություններ են առաջացել նաև All-ASA-ի ներսում, քանի որ մի շարք համալսարանների ուսանողներ բողոքի նամակներ են հղել գործադիր մարմնին։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ջատագովության գծով տնօրեն Գևորգ Իսկաջյանը նույնպես մեղադրել է ՀՀ իշխանություններին հանդիպումը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ․ «Այս կառավարությունը պարզապես օգտագործեց այդ ուսանողներին որպես դեկորացիա»։
ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, անդրադարձել Սփյուռքի հետ հարաբերություններին, կրթության որակին, պետական համակարգում մասնագետների ներգրավմանը և պատասխանել մասնակիցների հարցերին։