Պետք է ունենանք այնպիսի արտադրանք, որպեսզի ոչ ոք սահմանափակում չդնի. Մհեր Գրիգորյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մենք պետք է ունենանք այնպիսի արտադրանք, որպեսզի ոչ մեկը սահմանափակում չդնի, իսկ սահմանափակում դնելու պարագայում էլ այդ ապրանքի պակասորդը տվյալ շուկայում առաջացնի հանրային դժգոհություն, ինչպես դա եղավ ծիրանի պարագայում։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ-ից արտահանված ապրանքների ծավալների խնդրին։
Գրիգորյանն ընդգծեց, որ Կառավարությունը պետք է աջակցության ծրագրերը ճիշտ կառուցի, որպեսզի մեխանիկական սուբսիդավորումների հաշվին ոչ մրցունակ արտադրանք չարտադրվի ու չարտահանվի այլ շուկաներ։
«Հանրային քննարկումները վերաբերում են տոննաժին, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է բացել այդ շերտերը՝ ըստ տեսակների, ըստ վաճառքի գների։ Որովհետև չի բացառվում, որ մարդիկ, ունենալով պաշարներ, հիմա արտահանում են ցանկացած գնով։ Հասկանալի քաղաքականություն է, բայց դա հեռանկարային չէ։ Մենք պետք է սկսենք մտածել, որ բիզնեսին օժանդակենք ինստիտուցիոնալ, ոչ թե պահային։ Դրա համար մենք պետք է դիտարկենք ապրանքի տեսակ-քաշ-գին-վաճառքի գին սխեման, որպեսզի մեր աջակցության ծրագրերը լինեն էլ ավելի թիրախային»,- ասաց փոխվարչապետը։
Ըստ նրա՝ այժմ ուշադրության կենտրոնում է արտահանման ծավալային սիմետրիան, սակայն արդեն պետք է դիտարկել նաև գնային սիմետրիան։
«Պետք է հասկանալ՝ այս նույն ծավալները, որոնք արտահանվել են մինչև սահմանափակումները և սահմանափակումներից հետո, նույն հասույթնե՞րն են բերում։ Արդյո՞ք կբերեն նույն հասույթը, եթե մենք չսուբսիդավորենք, և այլն»,- ասաց Գրիգորյանը։