Փաշինյան․ Մենք նստած ենք մեկ աթոռի վրա՝ հայկական (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը տեղավորվում է Երևանի որդեգրած հավասարակշռված արտաքին քաղաքականության մեջ։ Այդ մասին նա ասել է «Վեստի» տեղեկատվական ծառայության լրագրող Դենիս Դավիդովին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի ընթացքում։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանին կհաջողվի արդյոք միաժամանակ երկու աթոռի վրա նստել՝ համատեղելով եվրասիական և եվրոպական ինտեգրումը, Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն նստած է մեկ աթոռի վրա, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք ծրագրում ենք շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։ Մենք նստած ենք մեկ աթոռի վրա՝ հայկական»,- հայտարարել է նա։

Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ արդյոք Երևանում չեն մտահոգվում եվրոպացի գործընկերների կողմից հնարավոր խաբեությունից, ինչին վարչապետը հարցով է արձագանքել․ «Իսկ ինչո՞ւ պետք է խաբեն»։

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն անխուսափելիորեն փոփոխվելու են, սակայն Երևանը մտադիր չէ խզել Մոսկվայի հետ կապերը։

Դրանից առաջ Կրեմլից հայտարարել են, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է այդ քաղաքականությունն իրականացնի ԵԱՏՄ անդամ երկրների հաշվին: Դրան հաջորդել են հայկական արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման սահմանափակումները։

Leave a comment