Հայաստանից սնդիկ պարունակող ապրանքների արտահանումը և ներմուծումը ևս 6 ամսով արգելվեց

Բաժանորդագրվել

ՀՀ կառավարությունը վերջին անգամ սնդիկի արտահանումն ու ներմուծումն արգելել էր այս տարվա փետրվարին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից սնդիկ պարուկանող ապրանքների արտահանումն ու ներմուծումը ևս 6 ամսով արգելվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Որոշման նպատակն է մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար»,– ասված է որոշման մեջ։

Որոշման մեջ նշվում է, որ սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն, սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Բացի այդ, սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։

Այս որոշման ընդունումը պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունների միասնական համակարգով։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ վեց ամսով սնդիկի հավելիչով արտադրանքի (օրինակ՝ սնդիկ պարունակող չափիչ սարքերի, ջերմաչափերի և այլն) ներմուծումն ու արտահանումն արգելեց 2026 թ. փետրվարին։

Leave a comment